Եվս 14.9 մլն՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանը
Այսօր` սեպտեմբերի 29-ին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլարդը ստորագրեցին Հայաստանին տրամադրվող ԱՄՆ օժանդակության չորրորդ տրանշը` տրամադրելով 9.6 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն ՀՀ տնտեսական աճը խթանելու, և 5 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն` առողջապահական և սոցիալական բարեփոխումներին սատարելու համար:
Հանդիպման ավարտին Քարեն Հիլարդը նշեց, որ «տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը»:
Նախարար Տ.Դավթյանն էլ ողջունելով նախաձեռնությունը` փաստեց, որ «նմանատիպ աջակցության միջոցով հնարավորություն է ստեղծվում բարելավել թե՛ ներքին տնտեսական, և թե՛ սոցիալական վիճակը»:
Ըստ կողմերի` ծրագիրը կստեղծի ավելի արդյունավետ ձեռնարկություններ ու արժեքային շղթաներ, կբարելավի քաղաքականությունը և կանոնակարգող միջավայրերը, կավելացնի աշխատուժի հմտությունները և կբարելավի մասնավոր հատված – պետություն համագործակցությունը: