ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունից «քաղաքական հոտեր են փչում»

«Խիստ բացասական եմ վերաբերվում ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը, քանի որ նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական հոտեր են փչում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված` ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագրին:

«Ըստ էության, կատարվածը երկար ժամանակ հայտնի է եղել իրավապահ մարմիններին, բայց ոչինչ չեն ձեռնարկել: Հիմա նախագահական ընտրություններից առաջ նման քայլերը, կարծում եմ, ընդունելի չեն: Ես հույս ունեմ, որ հարցը կքննարկվի օրինականության շրջանակում, ու քաղաքական արդարադատություն տեղի չի ունենա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Կուսակցության փոխնախագահի խոսքով, քանի որ Վարդան Օսկանյանը համարվում էր գալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից մեկը, որքան էլ ցանկանանք, ըստ նրա, չենք կարող այս ամենին քաղաքական գնահատական չտալ:

«Եթե նախագահական ընտրություններից հետո այս ամենը կատարվեր, բնականաբար, այլ մոտեցում կլիներ: Նշեմ նաև, որ իրավապահ մարմինները ևս պետք է պատասխանատվություն կրեն, քանի որ չեն բարձրաձայնել այն, ինչ գիտեին գործի առիթով: Քանի դեռ Օսկանյանը պատգամավոր չէր, նախագահի հավանական թեկնածու չէր, որևէ քայլ չձեռնարկվեց»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս