Գևորգ Կասպարով. Չէի սպասում, որ գործը կհասնի 11 մետրանոցներին
Երևանի «Միկան» երեկ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը` հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասնելով գործող չեմպիոն «Ուլիսի» նկատմամբ:
«Միկացիների» կազմում վերջին հարվածը իր վրա վերցրեց հենց դարպասապահը` թիմի ավագ Գևորգ Կասպարովը, ով մրցավեճից անմիջապես հետո իր ուրախությամբ ու տպավորություններով կիսվեց SportArmenia-ի թղթակցի հետ:
«Դժվար խաղ էր` հաշվի առնելով, որ հիմնական կազմի մեծ մասը բացակայում էր տարբեր պատճառներով և շատ էին անփորձ տղաները, ոմանք նույնիսկ առաջին անգամ էին «Հանրապետական» մարզադաշտում խաղում:
Նրանք ապացուցելու բան ունեին ու լավ մոտիվացված էին: Մենք էլ կարողացանք տղաներին հուշել, օգնել: Փառք Աստծո, հաղթեցինք: Շնորհավորում եմ բոլորիս` ակումբի ղեկավարությանը, մարզչական կազմին, ֆուտբոլիսներին, երկրպագուներին:
Մրցակիցն ուժեղ էր: «Ուլիսը» մեր գործող չեմպիոնն է: Այսօր նրանք լավ խաղացին, թեև նույնպես առանց հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների էին: Բայց մենք թույլ չէինք, կարողացանք կամք դրսևորել, ազատ գոտիներ չթողեցինք ու արժանի հաղթանակ տարանք:
Լարված խաղ էր: Ինչո՞ւ գոլ չէր լինում: Դարպահապահները լավ խաղացին երևի (ծիծաղում է): Չգիտեմ, պարզապես պահեր չեղան երկու դարպասներին էլ: Վերջում արդեն երկու թիմի մոտ էլ հոգնածություն էր նկատվում, դժվար էր: Այդուհանդերձ 120 րոպե խաղացինք, կարողացանք հաջողության հասնել:
Չէի սպասում, որ գործը կհասնի 11 մետրանոցներին: Բայց վերջում արդեն հասկանալի էր, որ խաղը գնում է դրան: Ինքս առաջարկեցի, որ վերջին 11 մետրանոցը ես իրացնեմ, ասացի, որ վստահ եմ զգում: Մարզիչը դեմ չէր: Հերթը կարող է և չհասներ ինձ, բայց հասավ ու ես իրացրի: 11 մետրանոցը լոտոյի նման է»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը