Արագաչափերն ու տեսադիտարկման սարքերը արդեն 300 հազար խախտում են գրանցել
2012 թ. հունվարի 16-ից հետո, երբ հանրապետությունում սկսեցին տեղադրել արագաչափերն ու տեսադիտարկման սարքերը, ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այդ սարքերի միջոցով 300 հազ. խախտում է արձանագրել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Ընդհանուր առմամբ՝ 8 ամսվա ընթացքում վարորդներից գանձվել է 2 մլրդ դրամ:
Այս պահի դրությամբ հանրապետությունում տեղադրված են 45 արագաչափեր ու 25 տեսախցիկներ: Բոլոր տեսախցիկները տեղադրված են Երեւանի խաչմերուկներում, իսկ արագաչափերը բացի Երեւանից տեղադրված են նաեւ Երեւան-Սեւան եւ Երեւան-Աշտարակ մայրուղիներում:
Ըստ Ա. Օսիկյանի՝ այդ սարքավորումները վթարների ու խախտումների կանխարգելիչ նշանակություն ունեն, ինչպես նաեւ պետք է նվազագույնի հասցնեն վարորդ-ճանապարհային ոստիկան շփումները: Մասնավորապես՝ թեեւ արձանագրված խախտումները շեշտակիորեն ավելացել են, անցյալ տարվա համեմատ մահվան ելքով վթարները պակասել են: «Եթե որեւէ տեղ արագաչափ կա ու ճանապարհային ոստիկանություն, ապա այդ ոստիկանները խախտել են համապատասխան հանձնարարականները: Մենք ձեռնպահ ենք մնում ոստիկաններ ունենալ բոլոր այն տեղերում, որտեղ տեղադրված են այս սարքավորումները»,- ասաց Ա. Օսիկյանը: