«Գեներա′լ Մանվել, քո կողքին եմ կռվել, ինձ սպայի կոչում ես տվել, հիմա դատում են»
Գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը մի շարք շքանշաններ ունի ՀՀ նախագահներից, ՊՆ-ից, հերոսի կոչում է ստացել և բարեխիղճ ու անմնացորդ ծառայության համար` բազում պատվոգրեր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նրան սպայի կոչում է տվել, իսկ այսօր ազատամարտիկը կանգնած է դատարանի առաջ: Նրան մեղադրում են փաստաթղթեր կեղծելու և կեղծ ճանապարհով զինվորական թոշակ ստալանու համար:
«Պաշտպանության նախարարն ինձ մեդալներ է տվել, էսօր արդեն նախարարությունը հայց է ներկայացրել, թե ես խարդախություն եմ արել: Ես անձամբ կռվել եմ գեներալ Մանվելի կողքին, իրա մարտական ընկերն եմ եղել, ինքը ինձ ճանաչում է, այսօր ինձ ասում են` ընչի՞ ես թոշակ ստացել, բանտ են ուղարկում, բանտ…»,- ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը:
Նա Արցախ մեկնել է կամավոր ու 4 տարի մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին, մի շարք հիվանդություններ ունի, հաշվառված է նաև Գյումրու հոգեբուժարանում: «Ես իմ առողջությունը տվեցի, կռվել եմ մինչեւ վերջ, մինչև ծնկներիս ծալվելը, մինչև ուժերիս վերջին կաթիլը, ես որ գնացել եմ, մտածել եմ, որ կարող է մեռնեմ, բայց իմ հայրենիքի համար եմ գնացել, էսօր ինձ ազգի դուշման են հանում, բա էս երկի՞ր է…»:
Ըստ ազատամարտիկի` 4 տարի ինքը մասնակցել է պաշտպանական մարտերին և այնտեղ կորցրել է իր առողջությունը, կառավարությունը ոչ միայն չի փոխհատուցում, այլև ազգի հերոսին այսօր դավաճան են հանում: «Գնացել եմ, թողել եմ տունս ընտնաիքս, հիվանդ ծնողներիս, երեխեքիս, էս հայրենիքի համար իմ կյանքն եմ ներդրել, ու ինչ…Մինչև հիմա դոմիկում եմ ապրում, հիվանդ եմ, կանտուզիա եմ ստացել, բայց տված 60 հազար թոշակը հիմա իմ քթից են հանում: Ասում են` թուղթ եմ կեղծել, ստորագրություն, այ մարդ պահանջում են փորձաքննություն, ընչի՞ չեն անում, ի՞նչ են ուզում»:
Ազատամարտիկը դիմում է ԵԿՄ վարչության նախագահին. « Գեներա′լ Մանվել, քո կողքին եմ կռվել, ինձ սպայի կոչում ես տվել, հիմա դատում են…»: