Անցած տարիները հավատարմության տարիներ էին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ընդունելության ժամանակ
հանդես է եկել ելույթով:
«Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է: Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով: Անցանք արժանապատվորեն: Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը: Չկորցրեցինք մեր ուղենիշները և չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու գաղափարներին: Կորուստներով և սխալներով հանդերձ` մենք անցած տարիներին արձանագրել ենք և այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ: Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ և՛ պետական, և՛ հասարակական հատվածներում, ինչպես նաև մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ»,- ասել է Ս. Սարգսյանը: Ըստ նրա, անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլև բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը:
«Հայոց դարավոր երթը շարունակվում է պատմական նոր հանգրվանում: Այո, սա բարդ շրջափուլ է, բայց ե՞րբ է այն պարզ եղել մեզ համար: Դժվար է հիշել: Ժամանակակից աշխարհում գրեթե չկա մի երկիր, որ չդիմակայի մարտահրավերների: Տարբեր տարածաշրջանների և երկրների համար, բնականաբար, դրանք տարբեր են: Մենք նույնպես հանձնում ենք մեր բաժին քննությունը: Անկախության տարիների փորձը, որ երբեմն դառն էր, երբեմն` հաճելի, ամեն դեպքում ուսանելի է: Հենց այդ փորձն է մեզ հուշում, որ խնդիրների լուծումները կան, և մենք դրանք գտնում ենք: Մենք արդեն գիտենք` որտեղ փնտրել այդ լուծումները, իսկ դա արդեն գործի կեսն է»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` շեշտելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը:
«Որքան էլ դժվար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք: Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչև հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն և, առավել ևս, ոչ էլ միջազգային այդ ձևաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարևանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը:
Վերջին սադրանքն այն նույն նողկալի իրադարձություններն էին, որոնք հանգեցրեցին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը: Ե՛վ մենք, և՛ միջազգային հանրությունը ավելի քան հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ: Ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման և նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաև գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է: Պատրաստվել խաղաղության` ամենևին չի նշանակում` պատրաստ չլինել պատերազմի և ինքնապաշտպանության: Ասվածը նշանակում է` չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ, չզոմբիացնել երիտասարդներին, ովքեր կյանք ունեն ապրելու և երկիր ունեն շենացնելու:
Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգևոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե: Գաղտագողի սպանությունը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր` ծնողներիս առաքելությունն է` մեծացնել ազատ, գրագետ ու խիզախ զավակներ: Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրավունք չունենք դավաճանելու ինքներս մեզ»,- ասել է նա:
«Անցած տարիները` եթե փորձենք բնորոշել մեկ բառով, հավատարմության տարիներ էին: Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին և գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին: Դրա շնորհիվ մենք շատ բանի ենք հասել և դեռ հասնելու ենք: Հասնելու ենք, որովհետև մենք ընտրել ենք քաղաքակիրթ ազգերի ընտանիքը և ոչ` այլատյացության ճահիճը: Հասնելու ենք, որովհետև դրա համար ունենք բավականաչափ քաղաքական կամք, անցած ճանապարհ և մեր աշխատանքով ստեղծած համապատասխան նախադրյալներ»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: