Անկախության տոնը` Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումները սկսվել էին դեռ կեսգիշերից: ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամներն ու մի խումբ երիտասարդներ երեկ՝ սեպտեմբերի 20-ին` կեսգիշերին մոտ, հեծանիվներով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ այնտեղ տոնելու Անկախության տոնը: Ուղիղ ժամը 12-ին նրանք բոլորն Ազատության հրապարակում էին, որտեղ բացեցին շամպայնի շշերն ու միմյանց շնորհավորեցին Հայաստանի անկախության 21-ամյակը:
Իսկ այսօր Հյուսիսային պողոտայում Անկախության օրը յուրովի էին որոշել տոնել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի սաները: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, ուսանողները եկել էին Հյուսիսային պողոտա և նրանք անցորդներին առաջարկում էին իրենց վրա հայոց պետականության խորհրդանիշեր պատկերել: Քաղաքում դեռ կեսգիշերից տոնական տրամադրություն է տիրում, և այն կշարունակվի մինչ ուշ երեկո:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան մեծ համերգ է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում: ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպում է համերգ Բոբ Դիլան բենդի մասնակցությամբ: