Ովքեր են ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը

Այս պահին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված՝ Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը:

168.am-ը փորձեց ճշտել, թե քաղաքական ուժերից որո՞նք են ընդունել ՀՀ նախագահի հրավերը, որո՞նք` ոչ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անպայման ներկայանալու է միջոցառմանը: Ն. Զոհրաբյանի փոխանցմամբ, ընդունելությանը կմասնակցի նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում ևս հաստատեց, որ Դաշնակցությունը ներկայանալու է միջոցառմանը՝ չնայած տարօրինակ համարեց մեր հարցադրումը:

Կարդացեք նաև

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք չեն  մասնակցելու այդ ընդունելությանը: «Անկախության տոնն անցկացնելու ենք ժողովրդի հետ` Սարյանի արձանի մոտ»,- ասաց Ա. Մանուկյանը:

Միջոցառմանը չի ներկայանա նաև «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը. «Ինձ ուղարկել են հրավեր, բայց չեմ գնալու: Իհարկե, տոն է, հաճելի է, ես արդեն հասցրել եմ լինել Եռաբլուրում: Բայց տոնել մարդկանց հետ, ովքեր քննադատում են,  համարում եմ կեղծավորություն: Այս պատճառով չեմ գնալու»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անպայման ներկայանալու է Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահականի կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը:

Մեր հարցին, թե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ մասնակցելու, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես եմ ներկայացնելու կուսակցությունը»:

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց, որ ինքը նախընտրում է մնալ տանն ու օրն անցկացնել ընտանեկան միջավայրում. «Ես երբևէ չեմ գնացել, չնայած, անկեղծ ասած, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ինձ չէին էլ հրավիրում: Ըստ իս՝ Հայաստանում այնպիսի վիճակ է, որը թույլ չի տալիս, որ նմանատիպ տոնակատարությանը մասնակցեն բոլորը: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, բայց մնում եմ իմ կարծիքին, որ Հայաստանում դեռ լուրջ փոփոխություններ չեն եղել, որ կարողանանք բոլորս միասին տոնել»:

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրուցելիս արդեն Մարզահամերգային համալիրի ճանապարհին էր: «Ես մեծամիտ մարդ չեմ, գիտեմ, որ իմ ներդրումը մոռացել են, բայց ես հո աբիժնիկ չե՞մ, որ չգնամ: Ինձ բազմաթիվ մարդիկ շնորհավորում են: Ուրախանում եմ, որ կան մարդիկ, ովքեր իմ կատարած ներդրումով ուրախանում են»,- ընդգծեց Հայրիկյանը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Մարզահամերգային համալիրում կազմակերպված միջոցառմանը «Ժառանգություն» կուսակցությունից ներկա է նաև պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարդանյանն ու Հրանտ Մարգարյանը, ԲՀԿ-ից` Էլինար Վարդանյանը, Սեդրակ Առուստամյանը: Ներկա են նաև գործարարներ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն ու «Միկա» կորպորացիայի նախագահ Միխայիլ Բաղդասարովը, ովքեր, ըստ ներկաների` իրար տեսնելիս երկար գրկախառնվել են:

Տեսանյութեր

Լրահոս