Գետահովիտի բնակիչները բողոքում են իրենց բնաշխարհին վնասող ՀԷԿ-ի կառուցման դեմ
«Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող Գետահովիտ համայնքի բնակիչները ներկայացրել են ՀԷԿ-ի կառուցման անթույատրելիության իրավական հիմքերը և պահանջում են կանխել բնապահպանական վնասը շրջակա բնակավայրերին:
Հայտարարության մեջ գրված է.
««Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվության առնչությամբ 12.06.2012 թվականին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի ղեկավար Ա. Չիբուխչյանի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված հ. 1, 2 եւ 3 թույլտվությունները, ինչպես նաեւ 23.08.2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի կողմից հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության հ. ԲՓ 70 փորձաքննական եզրակացությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը: «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի գործարկումը եւս խախտում է ՀՀ օրենսդրությունը, եւ վերջինիս գործարկումը ենթակա է դադարեցման:
Մասնավորապես`
1. ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի ղեկավար Ա. Չիբուխչյանի կողմից 14.09.2012 թվականին ընդունված թիվ 13 որոշմբ անվավեր է ճանաչվել 12.06.2012 թվականին «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված հ. 1, 2, եւ 3 որոշումները` «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարության թույլտվությունների վերաբերյալ այն հիմնավորմամբ, որ ՀԷԿ-ի շենքը, ջրառն ու խողովակաշարը գտնվում են ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի տարածքում:
2. 24.07.2012 թվականին Ենոքավան համայնքում իբր իրականացվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ, սակայն «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի ազդեցությունը տարածվում է մեկ այլ` Գետահովիտ համայնքի վրա, որը չի ճանաչվել որպես ազդակիր համայնք եւ որտեղ նշված ՓՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ չեն իրականացվել: Հետեւապես, խախտվել են Օրհոիսի կոնվենցիայի 4-րդ եւ 6-րդ հոդվածները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածները:
3. 23.08.2012 թվականին տրված թիվ ԲՓ 70 փորձաքննական եզրակացության մեջ արտացոլված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն արգելքները, որոնք անթույլատրելի են դարձնում տվյալ տարածքում ՀԷԿ-ի շինարարությունը: Մասնավորապես`
- «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»: Նշված ՓՀԷԿ-ի համար հատկացված տարածքը գտնվում է արգելավայրային գոտում` «Արջատխլենու» պետական արգելավայրում, եւ դրա պահպանման (բուֆերային) գոտում, որտեղ եւս արգելվում է իրականացնել «Արջատխլենու» պետական արգելավայրի էկոլոգիական համակարգերին եւ դրանց բնականոն զարգացմանը վնասող ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն:
- «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»: ՓՀԷԿ-ի շինարարության տարածքում աճում է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված «Արջատխլենի» ծառատեսակը եւ Կարմիր գրքում գրանցված այլ բուսատեսակներ:
- «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»: Պաղջուր գետում ապրում է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում գրանցված «Կարմրախայտ» ձկնատեսակը: Այդ գետի վրա «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարությունը, հանգեցնում է «Կարմրախայտ» ձկնատեսակի թվաքանակի կրճատմանը, ապրելավայրերի վատթարացմանը:
4. Պարզջուր գետի վրա կառուցված եւ արդեն իսկ գործող «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի գործունեությունըեւս հանգեցնում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, «Բոսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի խախտման:
Հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածներով` պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարությունը եւ ամբողջությամբ վերականգնել բնությանը հասցված վնասները:
Հիշեցնենք, որ նամակը և կից ստորագրություններով փաթեթը ուղարկվել է նաև Բնապահապանության նախարարություն»: