
«Զվարթնոց» օդանավակայանն այսօրվանից հրաժարվում է սպասարկել «Արմավիայի» ինքնաթիռները

«Զվարթնոց» օդանավակայանն այսօր առավոտից հրաժարվում է սպասարկել «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռները: Առավոտից ազգային ավիափոխադրողը թռիչքներ չի իրականացնում:
Ըստ Panorama.am-ի՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնել է, որ պատճառը պայմանագրով նախատեսված պարտքի սահմանաչափը «Արմավիա»-ի կողմից զգալի չափով գերազանցելն է:
«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հայտարարել է, թե ընկերությունը փոխանցում իրականացրել է, սակայն հաջորդող մի քանի ոչ աշխատանքային օրերի պատճառով այն հասցեատիրոջը չի հասել:
«Այդ դեպքում մենք բանկի կողմից հաստատ տեղեկացված կլինեինք կամ Արմավիան մեզ կտեղեկացներ: Օդանավակայանին լրիվ կբավարարեր բանկի վճարման անդորրագրի պատճեն»,-ասաց Գ. Աբրահամյանը:
Նրա խոսքով, մարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Արմավիան» պետք է նվազեցներ պարտքը, մինչդեռ հիմա հակառակ միտումն է:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ի պարտքի չմարման հետևանքով ուղևորների համար անհարմարություններ ստեղծվեցին այս տարվա մարտին: Մի քանի օր տևած քաշքշուկից հետո ընկերությունները պայմանավորվածություն ձեռք բերեցին: