«Ցուցադրական փոքրիկ հրավառություն»
Սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի` Կառավարությունում հրավիրած խորհրդակցությունը տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց:
Ի թիվս այլ գնահատականների, Սերժ Սարգսյանի այդ քայլը դիտվեց` որպես նախընտրական PR ակցիա: Սակայն այնքան էլ հստակ չէր, թե այդ, այսպես ասած` «մեսիջն» ո՞ւմ էր ուղղված` հասարակությա՞նը, ընդդիմությա՞նը, Կառավարությա՞նը, թե՞ իշխանության որոշակի հատվածին:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք վաղ չէր PR քայլ անել ընտրություններից այսքան ժամանակ առաջ, ասաց. «Դա կարելի է երկակի գնահատել` նախ պիտի գործն արվի, որ վերջնական արդյունքը գնահատես, դա արդարացնում է նրա այդ ուշ արձագանքը, և կա նաև այն, որ` ինչի՞ դու առաջ չէիր ասում, ինչի՞ դու առաջ չէիր երևում, և այլն: Եվ երրորդը` կարող են ասել, ինչի՞ ես դու այսքան ուշ կանչել ու բոլորից հաշվետվություն ես պահանջում:
Բարի ցանկացողները նրան կարող են արդարացնել, իսկ կլինեն մարդիկ, ովքեր ծանր կվերաբերվեին նրա` այդ ուշ արձագանքին, որովհետև շատերի մոտ տպավորություն է, որ նա փորձում է նախընտրական այս փուլում իրեն ավելի ու ավելի խիստ պահել, որովհետև Սաֆարովի այդ արձագանքն իրեն վատ կողմից ցույց տվեց` կատաղած, ջղայնացած, սկզբունքորեն ամուր և այլն, և նրան երևի խորհուրդ են տվել, որ այդ իմիջը շարունակի, որովհետև դա ավելի տպավորիչ և արդյունավետ է»:
Ինչ վերաբերում է նախագահի այն հայտարարությանը, թե առաջիկայում Կառավարության կազմում սպասում են պաշտոնանկություններ, և նաև` այն խոսակցություններին, ըստ որոնց` նախարարների մոտ խուճապ է առաջացրել նախագահի հայտարարությունը, Ա. Ադիբեկյանը նշեց, թե միգուցե, իսկապես, մի քանիսին «զոհաբերեն»: «Դա հիմա ասեկոսե է: Մինչև ընտրություններն այդպիսի բան չեն անում, թեպետ կարող է մի քանիսին, իրոք, «զոհաբերեն», շախմատի լեզվով խոսենք, բայց ես դժվարանում եմ նման բան ասել, որովհետև դա իմ հասցեով չէ: Ես ընդամենը հանրային կարծիքն եմ ուսումնասիրում և դրա արձագանքը վերնախավի կողմից:
Երևի դրա համար դիմեք պոլիտոլոգ կոչվածներին, որոնք սիրում են ուրիշների տեղը կարծիք հայտնել, ուրիշների տեղը որոշումներ ձևակերպել, դա իմ ոլորտը չէ, ես ուղղակի կարող եմ ասել, թե ինչ արձագանք կարող է ունենալ հանրային կարծիքում: Բարեխոսներն ասում են` ճիշտ է անում, և այլն, չարախոսներն ասում են` ուշացած է»,- ասաց Ա. Ադիբեկյանը: Նրա խոսքով` միայն ընտրությունների ժամանակ պարզ կլինի, թե հանրության մեջ ինչպե՞ս է արտացոլվում այս իրողությունը:
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության վարկանիշին, սոցիոլոգը նշեց, թե ընտրություններից առաջ սովորաբար բարձր է լինում ընդդիմության վարկանիշը, իսկ հետո աստիճանաբար իջնում է:
«Երբ գործը գալիս է ընտրության խնդրին` ո՞ւմ են ընտրում, ինչի՞ համար են ընտրում, ի՞նչ հետևանք կունենա, և այլն, սթափություն է առաջանում, և այս փուլի հարցումները ցույց են տալիս մի թիվ, իսկ վերջին հարցումները ցույց են տալիս մեկ այլ թիվ, այնպես որ, դա պրոցես է, որին պարզապես հետամուտ ենք լինում այդ գործընթացի զարգացումներին, որ, իմանանք` ընտրության օրը ո՞վ է գալիս, և ինչո՞վ է գալու»,- ասաց սոցիոլոգը:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշին, Ա. Ադիբեկյանն ասաց, որ իրենք հարցումներն արդեն արել են, և առաջիկա մամուլի ասուլիսին կներկայացնի այդ մասին: «Այդ ժամանակ ես կխոսեմ և՛ նրա (նկատի ունի Ռ. Քոչարյանին.- Մ.Մ.), և՛ բոլորի վարկանիշի մասին»,- եզրափակեց Ա. Ադիբեկյանը:
Իսկ ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ Ս. Սարգսյանի այդ քայլը չպայմանավորեց նախընտրական PR-ով:
«Այդ գնահատականները` նախընտրական քայլ, PR քայլ, մի իրավիճակում, երբ, ըստ էության, հրապարակում առայժմ չի նշմարվում այն անձնավորությունը, որ կարող է լուրջ մրցակցություն ստեղծել Սերժ Սարգսյանի համար առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին, նշանակում է` նսեմացնել այդ ելույթի նշանակությունը: Ես հակված եմ մտածելու, և դա միայն իմ տեսակետը չէ, դա նաև քաղաքագետների միության տեսակետն է, որ սա լուրջ փորձ է պետության ղեկավարի կողմից ուղղակի կապ հաստատել նախագահական ինստիտուտի և հասարակության միջև, տարբեր մակարդակների չինովնիկների գլուխների վերևով ուղղակի կապ ստեղծել նախագահական ինստիտուտի և հասարակության միջև»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում կարևոր է ոչ թե այն, թե այդ քայլն ի՞նչ նկատառումներից ելնելով է արվում, այլ այն, թե դրա բովանդակությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
«Իսկ նախագահի խոսքը, նախագահի` ոչ որպես Սերժ Սարգսյան անձնավորության, այլ որպես ինստիտուտը մարմնավորող դեմքի` չափազանց կարևոր է այն առումով, որ կրկնում եմ` մեր գնահատմամբ, ՀՀ քաղաքագետների միության վարչության գնահատմամբ, մեր խորհրդատվության շրջանակներում միշտ ասել ենք, որ երկրի ղեկավարը պետք է անմիջական, մնայուն, մշտական հաղորդակցության ռեժիմում աշխատի հասարակության հետ, այսինքն` նախագահի և հասարակության չինովնիկական դասով չմիջնորդավորված հաղորդակցությունը նախագահական ինստիտուտի գործառույթների իրացման գլխավոր երաշխիքն է: Եվ ի՞նչ է ստացվում մեզանում:
Մեզանում չինովնիկական դասը, որը սերտաճած է հայաստանյան օլիգարխիայի հետ, որովհետև օլիգարխիայի կարկառուն դեմքերը տարբեր պաշտոններ են զբաղեցնում, կամ վերահսկում են տնտեսության և հանրային քաղաքական կյանքի մի ամբողջ ոլորտներ` իրենց ազգականների միջոցով: Ահա նրանք փորձում են, ըստ էության, իրենցով միջնորդավորել նախագահական ինստիտուտի և պետության ղեկավարի հաղորդակցությունը հասարակության հետ:
Եվ դա բերում է նրան, որ պահանջված լինելու համար` որպես միջնորդներ նախագահի և հասարակության միջև, իրենք փորձում են նաև պրոբլեմներ, խզումներ ստեղծել այդ փոխհարաբերություններում, իսկ հետո «հերոսաբար» օգնել հաղթահարելու այդ խզումները` իրենց համար յուրահատուկ ձևով` ճնշումների, տարբեր կարգի բանսարկությունների ձևով»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
PR փորձագետ Արմեն Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նախագահի նշյալ քայլը միգուցե կարելի է դիտարկել որպես PR ակցիա` ելնելով հայկական պատկերացումներից: «Եթե արևմտյան տեսանկյունից նայենք, ապա դա չի կարելի դիտել որպես PR ակցիա: Նախագահի խոսքը` որպես դրսևորում, հանկարծակի էր, և մենք` հայաստանիցներս, երբ կտրուկ փոփոխություն ենք տեսնում, մտածում ենք, թե դա արվում է PR-ի համար, այնինչ իրականում, կոնկրետ` բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարագայում, խիստ քայլեր ոչ թե պետք է արվեն նախագահական մանդատի ավարտին ընդառաջ, այլ նախագահական ժամկետի առաջին իսկ օրվանից մինչև հաջորդ ընտրությունները` և՛ նախագահը, և՛ նրա համապատասխան խորհրդատուները, պետք է աշխատանք տանեն այդ ուղղությամբ, որպեսզի կտրուկ և արհեստական ընկալվող դրսևորումներ չլինեն»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Նրա փոխանցմամբ` այդ «անսպասելի դրսևորումները» կարող են ունենալ բացասական արձագանք: «Եթե այստեղ խաղադրույքն այն էր, որ հասարակության մեջ միանգամից ստեղծվի դրական տրամադրվածություն, կարծում եմ` այդ գործոնը չաշխատեց, և այդ սպասելիքներն էլ չիրականացան, որովհետև հասարակությունը տեսնում է, որ ամենօրյա, առօրյա գործողություններում` նույնիսկ մանրագույն չինովնիկների հետ շփվելու ընթացքում առաջանում են արհեստական խոչընդոտներ:
Չմոռանանք այն, որ PR-ը որևէ գործընթացի, որևէ աշխատանքի ներկայացման, մատուցման միջոց է, բայց ոչ երբեք` որևէ գործընթացի իմիտացիայի ստեղծում: Մենք հաճախ PR ենք անվանում այն, ինչ գոյություն չունի, և փորձում ենք ստեղծել տպավորություն, թե այդ բանը գոյություն ունի:
Մինչդեռ իրականում PR-ը գոյություն ունեցող որևէ գործընթաց և երևույթ ճիշտ հասցեատիրոջը, ճիշտ միջոցներով մատուցելն է: Այնպես որ, պրոֆեսիոնալ PR-ի տեսանկյունից ես դա չէի անվանի PR ակցիա, այլ կանվանեի ցուցադրական փոքրիկ հրավառություն, որը կարող էր ուղղված լինել և՛ Կառավարության ներկայացուցիչներին` որպես ինչ-որ ահազանգ, և՛ հասարակությանը, որ տեսե՛ք, բարձրագույն իշխանությունը ձեր մտահոգությունները կիսում է, և ձեր խնդիրները բարձրացվում են բարձրագույն մակարդակով:
Ուղղակի պետք է չմոռանալ, որ հասարակությունն այլևս միամիտ չէ` փառք Աստծո, կան այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ այն շատ ավելի հաճախ և դյուրին է շփվում թե՛ Արևմտյան արժեքների, թե՛ Արևմտյան մշակույթի, թե՛ քաղաքական գործիչների գործունեության և նրանց ներկայանալիության հետ:
Հիմա ինֆորմացիան մեզ տարբեր ձևերով հասնում է: Մենք այլևս փակ համակարգում չենք: Հասարակությունն էլ լավ գիտի, որ որքան ավելի ենք մոտենում նախագահական մանդատի ավարտին և հաջորդ նախագահական ընտրություններին, այնքան ավելի հաճախակի կլինեն այդպիսի բռնկումներ և «հրավառություններ»»: