Վարչապետն Ազգային գրադարանի հիմնանորոգման փաստաթղթերը կարգադրել է հանձնել իրավապահներին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ներկայացնելով Հայաստանի Ազգային գրադարանի շենքի վերանորոգման աշխատանքներում արձանագրված թերությունները, նշեց, որ ուսումնասիրություններն արդեն իսկ ավարտել են և ներկայումս ամփոփում են դրանց արդյունքները:
Ըստ նրա` ՀԱԳ-ի շենքի հիմնանորոգման նպատակով 2005 թ-ին կազմվել է տվյալ աշխատանքների նախահաշիվ: Գրադարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2008 թ-ին և ավարտվել 2011-ին` ծախսվելով 690 մլն դրամ: Նախարարի խոսքերով` հիմնանորոգման աշխատանքների ժամանակ չեն իրականացվել նախագծով նախատեսված շենքի սեյսմակայունության բարձրացման աշխատանքները, հիմնական աշխատանքները սխալ հերթականությամբ են կատարվել, նախապատվությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում չի ապահովվել ջեռուցում և օդափոխություն, իսկ դրա համար հատկացված գումաներով կատարվել են այլ աշխատանքներ:
Աշխատանքների մի մասն, ըստ Ս.Թադևոսյանի, անորակ է կատարվել, հակահրդեհային համակարգի տեսակի ընտրությունը կատարվել է ոչ ճիշտ` անտեսելով Ազգային գրադարանի պրոֆիլային ուղղվածությունը: «Սա նշանակում է, որ 2008-2011թթ-ին կատարված աշխատանքների զգալի մասը պետք է կրկին իրականացվի, ինչպես նաև պետք է պարտադիր կատարվեն 1937 թվականին կառուցված շենքի հիմքերի ուժեղացման աշխատանքներ»,- ասաց նախարարը:
«Ուղղակի խայտառակություն է, խայտառակություն: Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, պետբյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները միչև հիմա ավարտված չեն, ու պարզվում է` լրացուցիչ գումարներ պետք է պետությունը հատկացնի»,- վրդովված ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը վերահսկողության ծառայության պետի ղեկավարին, քաղաքաշինության տեսչությանը համատեղ ուսումնասիրություններ կատարելու հանձնարարություն տրվեց: Բացի այդ, հանձնարարեց բոլոր նյութերը հանձնել իրավապահ մարմիններին ոչ միայն այս դեպքում, այլև պետբյուջեից ֆինանսավորված այլ շինաշխատանքների դեպքում: «Եթե այսպիսի կարևորագույն օբյեկտի դեպքում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, ապա կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչպիսի խախտումենր են լինելու: Անհապաղ սկսել աշխատանքները»,- նշեց Տ.Սարգսյանը: