Խոշոր հրդեհ Գյումրիում
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21.12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում գտնվող քաղցրավենիքի արտադրամասում:
Ըստ ԱԻՆ կայքի, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին:
«Շիրակ կենտրոնի» կայքի համաձայն էլ դեպքի վայրում են եղել 3-4 մարտական հաշվարկ, որոնք «անօգուտ փորձեր են կատարել հանգցնել մոտ 1000 քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը և կարելի է ասել, որ արտադրամասից այլևս ոչինչ չի մնացել»:
«Գալա» հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ էլ, արտադրամասի տնօրենն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչը կարող էր հրդեհի առաջացման պատճառ դառնալ. «Դիտավորությունը բացառում եմ: Մենք Գյումրիում թշնամիներ չունենք: Շատ արագ, գոնե մինչեւ դեկտեմբեր կփորձենք կառույցը վերականգնել, չնայած նյութական վնասը շատ մեծ է»:
Կայքի հաղորդմամբ՝ բարեբախտաբար այդ ժամին կառույցում մարդիկ չեն եղել եւ տուժածներ չկան: Ոստիկանները փակել էին Հաղթանակի պողոտա տանող ճանապարհները: