Բաժիններ՝

Հրանտ Բագրատյան. Մարկ Հորթոնը «համ մեխին է խփել, համ նալին»

«Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը, իր խոսքով, «համ մեխին է խփել, համ նալին»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՀ հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնի դիտարկումները։

Հիշեցնենք, որ Հորթոնն ընդհանուր առմամբ գոհունակություն էր արտահայտել ՀՀ կառավարության գործունեության վերաբերյալ և ասել. «Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ է, հատկապես եվրոպական երկրների և ձեր հարևան պետությունների համեմատ: Ի գիտություն ենք ընդունում նաև այն կարևոր հանգամանքը, որ գնաճի ցուցանիշն այս պահին ցածր է»:

Հ. Բագրատյանն այս գնահատականների վերաբերյալ ասում է. «Նրանք նշել են, որ կան մի շարք դիրքորոշումներ, որոնք չեն կատարվել: Այնուամենայնիվ, կատարելապես դժգոհ եմ Մարկ Հորթոնի նույնիսկ կիսատ գովքից։ Գովքի տեղ ընդհանրապես չկա։ Օրինակ, բյուջեն կատարվել է, քանի որ 2012-ի համար ընդունած թվերը համեմատական տարբերակով (կոոեկտավորված տնտեսական աճով, գնաճով և հարկային բեռի փոփոխություններով) ավելի փոքր են, քան 2011-ինը։ Տնտեսական աճի մեջ էլ տեսնում ենք ԱՊՊԱ-ն, հանքերը։ Փուչիկային աճ»։

Ըստ Հ. Բագրատյանի, Հայաստանը հասել է այն վիճակին, որ այլևս հնարավոր չէ զարգանալ, քանի որ այդ կառույցները նմանատիպ մոնետարիստական քաղաքականություն են վարում: «Մենք տեսնում ենք, որ այն տնտեսական աճը, որ վարչապետն էր ներկայացրել՝ սուտ է: Մենք գիտենք, որ 2011թ. բյուջեն, որի կատարողականը ԱԺ-ում է, չի կատարվել»,- ասել է նախկին վարչապետը:

Կարդացեք նաև

Մեկնաբանելով կոնկրետ ԱՄՀ պատվիրակության ասած խոսքը՝ Հ. Բագրատյանն ասաց. «Չի կարող և իրավունք չունեն  Մարկ Հորթոնը և իր պատվիրակությունը նշել տպավորիչ և զգալի դրական փոփոխությունների մասին: Դա արդեն զայրացնում է:    Նրանք շատ էլ լավ գիտեն ամեն ինչ: Այդ ամենից հետո սկսում ես կասկածել՝ իրավիճակն իրենց հուզո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ, ամենայն հավանականությամբ, դրական պատասխան դժվար է ակնկալել: Մարկ Հորթոնը   կօգներ Հայաստանին, եթե նշեր անցյալ տարվա բյուջեի կատարողականի թերացումը»:

«Նշենք, որ այս տարվա բյուջեն էլ չի կատարվում: Այն, որ վարչապետն «աբուռ» չունի, ես դա գիտեմ: Բայց ինձ զարմացնում է Մարկ Հորթոնի դիրքորոշումը: Հարց է առաջանում՝ նա գրագիտություն ընդհանրապես ունի՞, թե՞ այդպես «ափաշքյարա» Հայաստանին դեմ է աշխատում»,- հավելեց Հ.Բագրատյանը: Նախկին վարչապետը հստակ չի կարող ասել՝ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունը համաձայնեցվա՞ծ է Հորթոնի հետ, թե՞ ոչ: «Նրա խոսքը հետևյալն է. «Այո, թեև առաջընթաց կա, բայց, այդուհանդերձ, այդ ուղղություններով դեռ անելիքներ կան»: Ինձ զայրացնում է հենց այդ խորամանկ հայտարարությունը»,- եզրափակեց Հ.Բագրատյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս