Եթե իմանայիր, որքան են զանգել քեզ…
«Եթե Էդվարդ Նալբանդյանն ուզում է, թող հերքի, Ռուսաստանի արտգործնախարարության և որոշակի ուժերի շատ գործուն մասնակցությամբ հաջողվեց այդ իրավիճակը չհասցնել պատերազմի, որովհետև այն մարդիկ, ովքեր գծել էին Ռամիլ Սաֆարովի արտահանձման սցենարը, նրանք դա արել էին պատերազմ հրահրելու համար: Հարցրե´ք արտգործնախարարությանը` այդ ընթացքում Էդ.Նալբանդյանը քանի՞ հեռախոսազրույց է ունեցել, ո՞ւմ հետ և ի՞նչ հաճախականությամբ, և ամեն ինչ կիմանաք»,- 168.am-ի հետ հարցազրույցում այսօր ասել էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, 168.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով Ա.Կարապետյանի վերոնշյալ հայտարարությունը, ասաց. «Խնդրում եմ, վերընթերցե´ք նախարար Նալբանդյանի` նախորդ շաբաթ տրված ասուլիսի սղագրությունը, որտեղ նա հստակ ասում է, որ այս օրերին տասնյակ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների արտգործնախարարների հետ»:
Իսկ մեր հարցին` ռուսական կողմն իրո՞ք գործուն մասնակցություն է ունեցել «պատերազմի կանխման մեջ», ինչպես պնդում է Ա.Կարապետյանը, Տիգրան Բալայանը չցանկացավ պատասխանել` ասելով. «Այսքանը»:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.
«Այս վերջին օրերի ընթացքում տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարներից, ներառյալ նաև Եվրոպական Միության անդամ երկրներից, որոնք իրենց միանշանակ վերաբերմունքն են արտահայտել ադրբեջանահունգարական այս գործարքի կապակցությամբ: Չկա որևէ մի երկիր, որն այսօր կարող է արտահայտել իր աջակցությունը կատարվածին, չկա մի երկիր որ արտահայտի իր աջակցությունը Ադրբեջանին»: