«Աշտարակ ձու». «Ջերմաստիճանի տարբերության հետևանքով՝ մակնշումը գոլորշիանում է»

Սեպտեմբերի 12-13-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է շուկայահանված ձվի դիտարկում և նմուշառում: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ»-ի, «Արզնի Տոհմային ԹՏԽ»-ի, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի արտադրանքների թարմությունը չի համապատասխանում ձվի վրա առկա արտադրության օրվա մակնշմանը:

168.am-ը` պարզաբանումներ ստանալու նպատակով, փորձեց զրուցել այս ընկերությունների ներկայացուցիչների հետ: Առայժմ մեզ հաջողվեց զրուցել միայն «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի հիմնադիրների ներկայացուցիչ Վարուժան Բալասանյանի հետ: Վերջինս նշեց, որ ընկերությունում ամեն ինչ անում են` սպառողին որակյալ արտադրանք մատակարարելու համար:

«Եթե հիշում եք, օգոստոսի 29-30-ը շատ շոգ եղանակ էր: Երբ որ ձուն մակնշվում է և ուղարկվում մանրածախ առևտրի ցանց, մանրածախ առևտրի ցանցում պետք է ճիշտ կարողանան պահպանման ռեժիմներն իրագործել: Ի՞նչ է ստացվում. երբ որ մենք ձվի թարմությունը պահպանում ենք ըստ ստանդարտների՝ սառնարանում, և ուղարկում ենք ցանց, ցանցում նրանք պարտավոր են դնել սառնարան և մաս-մաս հանել վաճառքի: Երբ իրենք դնում են շոգ տեղ, հետո մի մասը վաճառում են, մի մասը նորից դնում սառնարան, ետ են հանում, ջերմաստիճանի տարբերության հետևանքով մակնշումը գոլորշիանում է: Ջերմային պայմաններն ազդում են ոչ միայն գույնի, այլև ապրանքների որակական հատկանիշների վրա: Մեկ-երկու խանութներում են հայտնաբերվել նման ձվեր, այդ մարդիկ էլ հասկացել են, որ էդպես բան չի կարելի անել, որ դա եղանակից է եղել»,- նշեց նա:

Ըստ Վարուժան Բալասանյանի`ձվի նշված խմբաքանակներն արդեն հետ են կանչվել: «Հաճախ է պատահում, որ մեր գնորդները սննդամթերք են գնում՝ առանց նայելու, թե ինչպես է պահպանվում այդ սննդամթերքը: Պետք է ուշադրություն դարձնել՝ որտեղից են գնում սնունդը»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դիտարկման ընթացքում նաև պարզվել է, որ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից արտադրված ձվերն իրացվում են թույլատրելի սահմանը գերազանցող աղտոտվածության վիճակում: Սակայն մեզ հետ զրույցում Վարուժան Բալասանյանը բացառեց նման դեպքերը՝ նշելով, որ իրենց մոտ ամեն ինչ արվում է գերմանական տեխնոլոգիաներով:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշում է, թե ձու արտադրող երեք ընկերությունների` «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի, «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի հերքումները չեն համապատասխանում իրականությանը: «Վերոնշյալ ընկերությունների կողմից տրված՝  Ծառայության հայտարարությունը հերքող պարզաբանումները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից տարածված հայտարարությունը, որում առկա է նաեւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս