
Շարիաթը պաշտպանող կուսակցությունները հազիվ թե դառնան ժողովրդավար. ԱՄՆ նախկին պետքարտուղար

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ արաբական աշխարհի ժողովրդավարական զարգացումը շատ երկարատև գործընթաց է: Նրա խոսքերով՝ շարիաթը պաշտպանող կուսակցությունները հազիվ թե դառնան ժողովրդավար, և այդ հարցում պատրանքներ չպետք է լինեն:
Քիսինջերը նշել է, որ չի պնդում, թե իսլամը և ժողովրդավարությունն անհամատեղելի են: Սակայն, նրա խոսքերով՝ եթե շեշտը դնենք պետության և կրոնի միջև հավասարության վրա, ապա այլ կարծիք է ի հայտ գալիս և շատ մեծ դժվարությամբ զարգանում: Նա նաև անհեթեթ է համարել այն իրավիճակը, երբ ԱՄՆ-ում միանգամայն անհայտ ոչ մեծ տեսագրությունը բռնության ալիքի է հանգեցրել Մերձավոր Արևելքում:
Ընդ որում՝ Օբաման, Քիսինջերի խոսքերով, այդ ուղղությամբ ճիշտ քայլեր է ձեռնարկել, իսկ այժմ ինչ-որ նշան պետք է ցույց տա իսլամական կողմը:
Ի պատասխան այն նկատառման, որ ԱՄՆ-ը արաբական աշխարհում ատելություն է վայելում անկախ իր քաղաքականությունից, Քիսինջերը նշել է. «Արտաքին քաղաքականության նպատակը սեր ստանալը չէ, այլ ընդհանուր շահերի և համատեղ գործողությունների համար բազա գտնելը»: Այդ առումով նա հիշեցրել է, որ հարձակումների են ենթարկվել նաև այլ արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ, օրինակ՝ Գերմանիայի դեսպանատունը Սուդանում:
Բացի այդ, Քիսինջերը նշել է, որ երբեք «արաբական գարունը» չի ընդունել այնպես, ինչպես որ այն գնահատում էին արևմտյան աշխարհի շատ հատվածներում: Օրինակ, շարունակել է նա, Եգիպտոսում ընտրողների 75 տոկոսը քվեարկել է «Մահմեդական եղբայրների» և արմատական իսլամիստների օգտին: Ընդ որում՝ փորձագետը նշել է, որ նման զարգացումը չի վերացնում լավ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը՝ ավելացնելով, որ նրանք համապատասխանում են երկու երկրների ազգային շահերին: Սակայն ըստ նրա, դա նաև չի նշանակում, որ ԱՄՆ-ը և Եգիպտոսը կիսում են միևնույն արժեքները: