ԲՀԿ-ն ՀԱԿ-ին չի բանեցնում

«Ես երբևիցե հակված չեմ Հմայակ Հովհաննիսյանին մեկնաբանել: Նա պարզապես արտահայտել է իր տեսակետը»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե « ԲՀԿ-ն հանդես է գալիս այլընտրանքային տարազով, որ համագործակցի նաև ընդդիմության հետ: ԲՀԿ-ի համար ընդդիմության հետ տարվող խաղն ինքնանպատակ չէ. նրանք ցանկանում են ընդդիմությանը որպես գործիք բանեցնելով` ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա` ՀՀ նախագահից օգուտներ պոկելու նպատակով, ինչպես արեցին դա ՏԻՄ ընտրություններում»:

Մեր ճշտող հարցին, թե ԲՀԿ-ն չի՞ բանեցնում ՀԱԿ-ին որպես լծակ՝ օգուտներ քաղելու համար, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Իհարկե` ոչ: Նման բան չկա: ԲՀԿ-ն կառուցողական դաշտում է գործում, ինչպես և հայտարարել է»:

Վ. Բոստանջյանին խնդրեցինք մեկնաբանել նաև վերջին շրջանում քաղաքական տարբեր գործիչների կողմից հնչող տեսակետները, ըստ որոնց՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նպատակը վարչապետի պաշտոնը ձեռք բերելն է: Վ. Բոստանջյանը, սակայն, դրանք համարում է զուտ մեկնաբանություններ: Նա միաժամանակ խորհուրդ տվեց՝ «դրանց մասին ավելին իմանալու համար» դիմել ԲՀԿ-ին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ մամուլի խոսնակը պարբերաբար հայտարարում է, որ իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը: Նա նույնիսկ հանդես էր եկել վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ հայտարարությամբ:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս