
Խորհրդակցություն` սպորտի նախարարությունում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի կունենա խորհրդակցություն հանրապետության մարզական կազմակերպությունների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում, մարզական հերթափոխի պատրաստման և բարձրագույն նվաճումների սպորտում անհրաժեշտ բարեփոխումների հարցերը: Այս մասին տեղեկացնում է Msy.am կայքը:
Բարձրագույն նվաճումների սպորտի համակարգում կքննարկվեն՝
. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզական հասարակական կազմակերպությունների և մարզաձևերի ֆեդերացիաների միջև իրավասությունների բաշխման ու ամրապնդման, պատասխանատվության շրջանակների սահմանման,
. մարզաձևերի ֆեդերացիաներին պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցության ծրագրերի վերանայման, պետական բյուջեի միջոցների բաշխման և վերահսկման կարգի լրամշակման,
. մարզիչների նշանակման նորմատիվ իրավական ակտերի մշակման, հավաքական թիմերի կազմի հաստատման գործընթացի կազմակերպման, ուսումնամարզական գործընթացի և գիտա-մեթոդական ապահովման,
. բարձրագույն նվաճումների սպորտում և մարզական հերթափոխի պատրաստման գործում մարզական հասարակական կազմակերպությունների դերի վերականգնման հարցերը:
Մարզական հերթափոխի պատրաստման համակարգում կքննարկվեն՝
. մարզադպրոցներին «մասնագիտացված» աստիճան շնորհելու անհրաժեշտության և մանկապատանեկան մարզադպրոցների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի լրամշակման և որոշ մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների վերաստորադասման հարցերը:
Անդրադարձ կլինի նաև մարզադպրոցների ֆինանսավորման, ինչպես նաև մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վարձատրության և նրանց խրախուսման խնդիրներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը