Անգելա Մերկելը համասեռամոլ ֆուտբոլիստներին կոչ է անում առանց ամաչելու բարձրաձայնել իրենց սեռական կողմնորոշման մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ չպետք է վախենան հասարակության արձագանքից:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իր մեջ ունի ուժ և խիզախություն, չպիտի վախենա հասարակության արձագանքից: Նման օրինակներ ունենք անգամ Գերմանիայի քաղաքական կյանքում (Գերմանիայի ԱԳ նախարար, փոխկանցլեր Գիդո Վեստերվելլեն չի թաքցնում, որ ինքը համասեռամոլ է – խմբ.):
Այն փաստը, որ շատերը վախենում են բացահայտումից, նշանակում է, որ մենք պետք է կոչ անենք նրանց չվախենալ ու բարձրաձայնել իրենց սեռական կողմնոորոշման մասին», – Մերկելի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:
Նշենք, որ Գերմանիայի կանցլերը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Բունդեսլիգայի ակումբներից մեկի մի անանուն ֆուտբոլիստ հայտնել է, որ ինքը վախենում է բարձրաձայնել, որ համասեռամոլ է և ստիպված ձևացնում է, թե իրեն դուր են գալիս հակառակ սեռի ներկայացուցիչները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը