Բաժիններ՝

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի ամենաուշը երկու շաբաթից

«Ստեփանակերտի օդանավակայանը վաղուց պատրաստ է և շահագործման կհանձնվի ամենուշը երկու շաբաթից»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:

Արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ  օդանավակայանի շահագործումը հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս հարցին Դ.Աթբաշյանը պատասխանեց. «Եղել են տեխնիկական թերություններ և խնդիրներ, սակայն այժմ դրանք չկան: Մեր կողմից ստեղծված փորձագետների խումբն աշխատում էր այդ ուղղությամբ և վերացրել է դրանք: Կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք նույնպես լուծման փուլում են գտնվում: Իսկ օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է շահագործման հանձնվելու»:

Աթբաշյանի խոսքերով, որոշ սարքավորումներ պետք է ձեռք բերվեն, որոնք անհրաժեշտ են Ստեփանակերտի օդանավակայանին: «Օրինակ՝ ինքնաթիռների լիցքավորման սարքերը, որոնք մինչև հիմա դեռևս ձեռք բերված չեն: Կամ, օրինակ, այն սարքը, որ օդանավին  էլեկտրաէներգիա է մատակարարում: Այդ սարքը նոր ենք ձեռք բերել, և այն արդեն պատրաստ է  շահագործման»:

Այսինքն, կարելի՞ է հույս ունենալ, որ անհրաժեշտ սարքավորումը ձեռք բերելուց հետո օդանավակայանը կգործի։ 168.am-ի այս հարցին Դ.Աթբաշյանը պատասխանեց. «Կարելի է նաև այդպես ասել: Մի քանի հարցերի շուրջ հիմա աշխատում է հանձնաժողով, որը կետ առ կետ ուսումնասիրում է թերությունները: Հենց լուծենք, օդանավակայանը կբացենք: Հիմա դեռևս փորձնական թռիչքներ ենք իրականացնում: Իմ տվյալներով, որոնք դեռևս վերջնական չեն, մինչև այս շաբաթվա վերջ հանձնաժողովը կավարտի աշխատանքները»:

ԼՂՀ օդանավակայանի շահագործման հանձնման հետաձգման վերաբերյալ 168.am-ը զրուցեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանի հետ, ով ԼՂՀ օդանավակայանի շահագործման հետաձգման պատճառների մասին ասաց. «Հետաձգումը պայմանավորված է տեխնիկական հարցերի առկայությամբ, այնտեղ փորձնական թռիչքներ են իրականացվում, բոլոր սարքավորումները պատրաստ են, շատ կարճ ժամանակ հետո արդեն կհանձնեն շահագործման»:

Հիշեցնենք, որ 2011 թվականից պարբերաբար տարածվում են ԼՂՀ օդանավակայանի՝  շահագործման հանձնելու տեղեկությունները, սակայն, ինչ-ինչ պատճառներով բացման արարողությունը հետաձգվում  է առանց մեկնաբանության:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս