Բաժիններ՝

Արթուր Աբրահամը շնորհավորել է մեր շախմատիստներին

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ։ Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երեկ Ստամբուլում ավարտված Օլիմպիադայում նվաճել է ոսկե մեդալներ։

«Շնորհավորում եմ Շախմատի Հայաստանի հավաքականին և աշխարհասփյուռ հայությանը` երրորդ անգամ այս բարձրագույն թիմային արդյունքին հասնելու` Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Հերթական անգամ մեր հերոսները` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ՍերգեյՄովսեսյանը և գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ապացուցեցին ողջ աշխարհին, որ մենք` հայերս, փայլում ենք մեր տրամաբանությամբ, խորամտությամբ, մտքի ճկունությամբ, արագ կողմնորոշվելու և մտածված գործելու հատկություններով: Սա հերթական առիթն է հպարտանալու մեր հայ լինելով, նաև պարծենալու, որ մեր հայրենիքը` Հայաստանը, շախմատային գերտերություն է: Շախմատի Հայաստանի հավաքականին մաղթում եմ նորանոր հաղթանակներ: Վստահ եմ` այս հաղթարշավը դեռ երկար է շարունակվելու: Իմ անսահման մեծարանքն ու քաջալերանքը ձեզ` մտքի և տրամաբանության արքաներիդ:

Ձեր` Արթուր Աբրահամ»:

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 3 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի Baden-Arena համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդումնոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Երկրորդը` Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ հաղթեց լեհ մրցակցին` ՊյոտրՎիլշևսկուն` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եվ երրորդը` օգոստոսի 25-ին Բեռլինի О2 World արենայում Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին` դառնալով WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն:

Արթուր Աբրահամի թիմը նախատեսել է հաջորդ մենամարտն անցկացնել 2012 թ. դեկտեմբերի 15-ին: Նախնական տվյալների համաձայն՝ մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Մրցակիցը դեռ հայտնի չէ. հավանական մրցակիցներից են Դենիել Գիլը (Ավստրալիա), Միկել Կեսլերը (Դանիա):

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս