Բաժիններ՝

Էդուարդ Թաթոյան. Կանեմ ամեն ինչ` ղեկավարության վստահությունն արդարացնելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 19-ամյա պաշտպան Էդուարդ Թաթոյանը պայմանագիր է ստորագրել Սարանսկի Մորդովիայի հետ, որը Պրեմիեր լիգայի 7 տուրերից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:

-Ուրախ եմ նորից վերադառնալ Ռուսաստան,- SportArmenia-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր տեղափոխությունը երիտասարդ ֆուտբոլիստը:

Նշենք, որ Թաթոյանն այս ամռանը համալրել էր  «Փյունիկի» շարքերը` կնքելով մեկ տարով պայմանագիր, սակայն 2 ամիս անց լքեց ակումբը: Հայաստանի Մ19 հավաքականի պաշտպանը պատմել է, թե ինչ տպավորություններով է հեռացել Հայաստանից.

– Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում հիմնականում հանդես էին գալիս ֆուտբոլիստներ հենց այս ակումբից: Կարող եմ ասել, որ հավաքականի ճամբարում գտնվելիս ես միանգամայն այլ պատկերացումներ ունեի «Փյունիկ» ակումբի մասին…

Շարունակելո՞ւ ես հետևել նախկին ակումբիդ ելույթներին:

-Իհարկե շարունակելու եմ: Ես այնտեղ նոր ընկերներ ձեռք բերեցի, որոնց թվում է Արման Մելքոնյանը: Կհետևեմ ինչպես թիմի, այնպես էլ` անհատապես Արմանի ելույթներին:

Պատմիր, ինչպե՞ս հայտնվեցիր «Մորդովիայում»:

-Տրանսֆերային պատուհանի փակմանը մնում էր 6 օր, նոր ակումբի փնտրտուքներն ինձ հեշտ չէին տրվում… Եղբայրս կապվեց «Մորդովիայի» ղեկավարության հետ և առաջարկեց իմ ծառայությունները: Հաջորդ օրը մեզ հետ զանգեցին ու կանչեցին պայմանագիր կնքելու: Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, ակումբի ղեկավարությունը ծանոթ էր իմ խաղին դեռ պատանեկան ֆուտբոլի տարիներից և ինձ վերցրին առանց փորձաշրջանի:

Այժմ ես պետք է փորձեմ անել ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ բոլոր այն մարդկանց վստահությունը, ովքեր ինձ հետ համաձայնագիր կնքեցին: Ինձ շատ ջերմ ընդունեցին թե մարզչական շտաբը, թե թիմը: Այստեղ ինձ շատ է դուր գալիս և նորից ցանկանում եմ ընդգծել` մնում է արդարացնեմ ղեկավարության վստահությունը:

-Իսկ որքա՞ն ժամանակով է նախատեսված պայմանագիրդ:

-Երկու տարով:

Զրուցեց Անուշ Անանյանը

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս