«Ինքդ պետք է հարթես քո ճանապարհը»
Ասում է քանդակագործ Միքայել Օհանջանյանը` վստահեցնելով,
որ անհնարին է ձեռքերը ծալել և հասնել հաջողության
Քանդակագործ Միքայել Օհանջանյանը ծնվել է 1976թ., Երևանում, ապրել և մեծացել է Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում, որտեղ էլ դեռևս փոքր տարիքից հաճախել է նկարչական դպրոց: 1991թ. ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև շարունակել է ուսումը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Երիտասարդ քանդակագործը 21 տարեկանում (1998թ.) Իտալիայում մասնակցել է Դանթեի անվան Ռավեննայի Քանդակի XIII Միջազգային բիենալեին` դառնալով Բիենալեի պատմության մեջ ամենակրտսեր մասնակիցը: Մ. Օհանջանյանը միջազգային այս փառատոնին մասնակցելով` դառնում է 3-րդ մրցանակակիրը, որից հետո որոշում է գնալ Իտալիա` սովորելու: 2000թ. նա ընդունվել է Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիա: Մ. Օհանջանյանն այժմ բնակվում և աշխատում է Իտալիայում:
– Ներկայում Դուք գտնվում և ստեղծագործում եք Իտալիայում, ի՞նչն է պատճառը, արդյո՞ք Հայաստանում չկան բավարար պայմաններ` ստեղծագործելու համար:
– Իմ` Իտալիա գալու պատճառը եղել և շարունակում է մնալ իմ մասնագիտական գիտելքները հարստացնելն ու զարգացնելը: Երևանում սովորելու տարիներին հրաշալի դասախոսներ եմ ունեցել` Թերեզա Միրզոյան, Գարեգին Դավթյան, Գետիկ Բաղդասարյան, Նելսոն Շիրվանյան և շատ-շատերը, որոնց շատ երախտապարտ եմ: Սակայն պահ է գալիս, երբ այդ կուտակված գիտելիքներդ է՛լ ավելի խորացնելու, նոր մշակութային իրականությունների հետ ծանոթանալու և այդ իրականությունների հետ համեմատվելու և համեմատելու կարիք է զգացվում, ինչը Հայաստանում պարզապես բացակայում է: Սովետական Միության փլուզումից հետո, հետևաբար` նաև այդ պետության գաղափարախոսությունից բխած արվեստի փլուզումից հետո, գրեթե բոլոր նախկին սովետական հանրապետություններում, այդ թվում` նաև Հայաստանում, արվեստի` հատկապես ժամանակակից արվեստի բնագավառում, անորոշ իրավիճակ է տիրում: Կարծես` տարբեր պատճառներից բխող խնդիրներից և պայմաններից կախված` դեռևս չունենք մեր սեփական ինքնությունն արվեստի բնագավառում: Կարծում եմ` դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ թե՛ պետական ատյանները լուրջ կվերաբերվեն արվեստին` լուրջ քաղաքականություն որդեգրելով, թե՛ հենց արվեստագետները կսկսեն ակտիվ գործունեություն իրականացնել:
Այսօր բնական է, որ ցանկացած երիտասարդ կամ ոչ երիտասարդ արվեստագետ ցանկություն ունի մեկնելու արտասահման` իր գիտելիքները հարստացնելու և հատկապես համեմատվելու համար: Կարծում եմ, այդքան էական չէ` այսօր հայ արվեստագետն աշխատում է արտասահմանո՞ւմ, թե՞ Հայաստանում, սակայն կարևոր եմ համարում հայ արվեստագետի` սեփական մշակույթի ինքնագիտակցության և այդ ինքնությունը միջազգային հանրությանն ընկալելի ձևով մատուցել կարողանալու խնդիրը: Կարևոր եմ համարում արտասահմանում գտնվող հայ արվեստագետների և օտար արվեստագետների համագործակցությունը և փորձի փոխանակումը Հայաստանի արվեստագետների հետ հենց բուն Հայաստանում, որը միանշանակ դրական արդյունք կարող է հաղորդել Հայաստանի արվեստի ոլորտին` ոչ միայն արվեստագետների, այլ նաև հասարակության համար:
– Իսկ ի՞նչ է Հայաստանն այսօր, Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:
– Հայաստանը դա նաև ես եմ, ծնողներս, հարազատներս, ծննդավայրը, բնաշխարհը և ընդհանրապես` այդ ամբողջը միասին: Դա իմ ինքնությունն է` իմ մեջ դրոշմված: Հայաստանը դա մտածելակերպ է: Հայաստանն այսօր մենք ենք` բոլորս միասին, լինի դա պաշտոնավո՞ր, թե՞ հասարակ քաղաքացի: Պետք է համախմբվենք կոնկրետ գաղափարի կամ գաղափարների շուրջ, որը, ցավոք, այսօր բացակայում է:
Որքան տեղյակ եմ, այս տարի Հայաստանը չի մասնակցում Վենետիկի ճարտարապետության Միջազգային բիենալեին, և դա ցավալի փաստ է: Նման մակարդակի միջոցառումները միմիայն մշակութային ցուցահանդեսներ չեն. այդ միջոցառումների միջոցով մենք` որպես պետություն, ներկայացնում ենք մեր հասարակական, տնտեսական, սոցիալական և քաղաքական դիրքորոշումներն ու ապագա ծրագրերը: Արտասահմանում մեզ` հայերիս, հարգում են մեր ունեցած մշակույթի համար: Կարծում եմ` ժամանակն է, որպեսզի պատասխանատվությամբ և գիտակցությամբ նայենք ներկային և ապագային:
– Փաստորեն` մենք կտրվա՞ծ ենք իրականությունից:
– Արվեստի տեսանկյունից, կարելի է ասել` այո: Գիտեմ` Հայաստանում կան շատ ակտիվ, եռանդուն և տաղանդավոր երիտասարդ արվեստագետներ, որոնք որպես անհատներ` գործում և ցուցադրվում են արտասահմանում, երիտասարդներ, որոնք քաջ տեղյակ են արվեստի միջազգային անցուդարձից: Շատ ուրախալի փաստ է, անշուշտ, քանի որ ամեն նման անհատ իր ազդեցությունն է ունենում շրջապատի, ընկերների և առհասարակ Հայաստանում ժամանակակից արվեստի ձևավորման և խմորման պրոցեսի վրա: Սակայն, կարծում եմ, նրանք շատ փոքր տոկոս են կազում, ուստի, կարծում եմ` պետական լուրջ միջամտություն է պետք` թե ժամանակակից արվեստի ոլորտում (պատմությանը քաջատեղյակ երիտասարդ աշխատակիցների ներգրավելով), թե գրադարանների թարմացումովգ Պետք է հաճախ կազմակերպել ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ և դրանում ներգրավել նաև օտարերկրյա կազմակերպությունների և ֆոնդերի:
– Դրսում Հայաստանին` որպես մշակույթ ունեցող երկրի, ինչպե՞ս են վերաբերվում:
– Հայաստանին, իրոք, շատ հարգանքով են մոտենում` հաշվի առնելով Հայաստանի անցած մշակույթը, սակայն, ինչպես նշեցի` արդեն ժամանակն է` նաև հանդես գալու, թե այսօր ով ենք մենք: Անցած տարվա դեկտեմբերին Վենետիկի «Correr» թանգարանում մեծ շուքով բացվեց «Armenia. Impronte di una Civilt»` հայ տպագրության 500-ամյակին նվիրված հրաշալի ցուցահանդեսը, Վարդան Կարապետյանի, Լևոն Զեքյանի և Գաբրիելա Ուլհոջյանի ղեկավարությամբ: Ցուցահանդեսը շատ բծախնդիր կերպով մեկնաբանում և ցուցադրում էր մեր պատմությունը, մատենագրությունը, մշակութային կապերի զարգացումն անցյալում, որն, իրոք, մեծ արձագանք գտավ թե՛ հանրության, թե՛ մամուլի, թե՛ քննադատների կողմից: Սակայն նմանատիպ ցուցահանդեսից հետո բացակայում են այսօրվա մեր մշակույթը մեկնաբանող ցուցահանդեսները, միջոցառումները և գրական երեկոները, որոնք նույն ձևով կարող են հետաքրքրել և գրավել հանրությանը և արժանանալ քննադատների ուշադրությանը:
– Խոսեցիք առկա խնդիրներից, պետական կոնկրետ ծրագրերի բացակայությունից: Ձեր կարծիքով` այդ խնդիրները կլուծվե՞ն, եթե Հայաստանը պետական քաղաքականություն մշակի, քանի որ, ինչպես նշեցիք` անհատներն ինչ–որ գործեր անում են:
– Կարծում եմ` պետությունը միանշանակ պետք է լուրջ և հետևողական քաղաքականություն վարի մեր` արդեն ունեցած և ստեղծած արժեքների վրա նոր և ժամանակակից մշակութային մթնոլորտ ստեղծելու համար: Բնականաբար, ինչպես արդեն ասացի` արվեստագետների և հենց հասարակության ակտիվ միջամտությամբ: Նոր, երիտասարդ սերունդներն էլ պետք է հետաքրքրվեն ժամանակակից արվեստով, գնեն աշխատանքներ, խրախուսեն արվեստագետներին:
– Հաճախ երիտասարդ արվեստագետները փորձում են ինչ–որ բան անել, սակայն երբեմն նրանք հնարավորություն չունեն անգամ աշխատելու համար տարածք վարձակալել, առավել ևս` մտածել, օրինակ, Իտալիա գնալու և այնտեղ ինչ–որ ցուցահանդեսների մասնակցելու մասին: Իտալիայում ինչ–որ արտոնություններ կա՞ն երիտասարդ արվեստագետների համար, նման հարցերն ինչպե՞ս են լուծվում այդտեղ:
– Իտալիայում էլ, ինչպես Հայաստանում` արվեստանոցներ չեն բաժանում արվեստագետներին, լինեն նրանք երիտասա՞րդ, թե՞ տարեց: Ավարտելուց հետո ցանկացած երիտասարդ արվեստագետ սկսում է աշխատել` զուգահեռաբար վճարելով իր սեփական արվեստանոցի վարձը, աշխատանքներն իրականացնելու ծախսերը, և այլն: Ինչ խոսք` Եվրոպայում և այլ երկրներում գոյություն ունեն ֆոնդեր կամ կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս ստանալու թոշակներ, ֆինանսավորումներ, որոշ ժամանակով` նաև արվեստանոցներ, սակայն պետք է ասեմ, որ նույն ֆոնդերը և կազմակերպությունները բաց են նաև հայ երիտասարդ արվեստագետների համար, պարզապես պետք է սեփական ուժերով փնտրել սեփական ճանապարհները:
– Ձեր դիտարկմամբ` հայ արվեստագետներն ինչպիսի՞ հեռանկարներ ունեն, և ինչպե՞ս եք տեսնում Հայաստանն ապագայում` որպես արվեստի երկիր:
– Ես լավատես եմ, ուստի` միայն լավ և դրական:
– Իսկ Դուք ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
– Մոտ ապագայում մասնակցելու եմ երկու խմբակային ցուցահանդեսների` DOVE STA «ZA» և «Dolomiti Contemporanee»` սեպտեմբերի 20-ին և սեպտեմբերի 22-ին: Առաջին ցուցահանդեսին հրավիրված են 10 տարբեր ազգությունների երիտասարդ արվեստագետներ, որոնց թվում` նաև ես: Ներկայացնելու եմ «Limen#2» աշխատանքը, որն իրականացրել էի 2010թ. Վենետիկի Ճարտարապետության Բիենալեի համար: Երկրորդ ցուցահանդեսը նվիրված է Չեզարե Ձավատտինի ծննդյան 110-ամյակին, որին մասնակցելու են 110 արվեստագետներ, այդ թվում նաև` միջազգային համբավ ունեցող արվեստագետներ: Ամբողջ ցուցահանդեսը լինելու է ընդամենը 0,96 մետր քառակուսի տարածքում: Ամեն հեղինակ ներկայացվելու է 8×10 սմ չափսի աշխատանքով: Ամբողջ աշխատանքները ցուցահանդեսից հետո նվիրվելու են Չեզարե Ձավատտինի ֆոնդին: Բացի այդ, պատրաստվում եմ հոկտեմբերին Բոլոնիայում իմ անհատական ցուցահանդեսին, որին ներկայացնելու եմ մոտ 15 նոր աշխատանքներ` ներքին հեռանկարներ թեմայով:
Լուսանկարների հեղինակ`
Andrea Messana
Kevo.biz