«Christian Louboutin»-ը շահել է Yves Saint Laurent-ի դեմ դատավարությունը
Նյու Յորքի վճռաբեկ դատարանն այսօր նորաձևության աշխարհի 2 հսկաների` Christian Louboutin-ի և Yves Saint Laurent-ի գործով վճիռ է կայացրել` հաստատելով Louboutin-ի հեղինակային իրավունքը կոշիկների դիզայնի մեջ կարմիր ներբաններ օգտագործելու հարցում:
Ինչպես նշում է Euromag-ը, դատավորները որոշել են, որ հանրահայտ կարմիր ներբանները գրանցված ապրանքանիշ են, ուստի և դրանց օգտագործումը մեկ այլ ընկերության կողմից հեղինակային իրավունքների խախտում է:
Christian Louboutin-ը պնդում էր, որ YSL նորաձևության տունը կրկնօրինակել է ֆիրմային ներբանները և պարտավոր է անհապաղ դադարեցնել այդ կոշիկների արտադրությունը:
Louboutin-ի ապրանքանիշ դարձած կարմիր ներբանների գաղափարն առաջացել է ցուցադրություներից մեկի ժամանակ: Դիզայները զգացել է, որ ներկայացված կոշիկներին ինչ-որ բան է պակասում կատարյալ տեսք ունենալու համար: Այդ պահին նրա կողքին կանգնած է եղել մոդելներից մեկը, ում ձեռքին եղունգի կարմիր լաքով սրվակ է եղել: Հենց այդ պահին էլ դիզայները մտովի ներկել է կարմիր գույնով կոշիկների ներբանները և հասկացել, որ դա էր պակասող դետալը: Դրանից հետո կարմիր ներբանները դարձել են Louboutin-ի «ստորագրությունը», որն արդեն հայտնի է ամբողջ աշխարհում:
Այժմ Christian Louboutin-ի նրբաճաշակ կոշիկները մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային աստղերի շրջանում, ովքեր դրանք կրում են կարմիր գորգերի վրա և պաշտոնական միջոցառումների ժամանակ:
tert.am