Կապանում բողոքի ակցիայի դիմումը մերժվել է
Քիչ առաջ «Կապանը` կապանցիներին» նախաձեռնության անդամները 168.am-ին տեղեկացրեցին, որ Կապանում նախատեսված բողոքի ակցիան չի կայանալու, քանի որ Կապանի քաղաքապետարանը մերժել է նախաձեռնության անդամների կողմից ներկայացված` քաղաքացիների հետ հանրային քննարկում կազմակերպելու մասին դիմումը:
«Հավաքն անցկացնելու մասին Ձեր կողմից ներկայացված իրազեկումը կատարվել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված ժամկետների խախտումներով»,- ասված է քաղաքապետարանի պատասխանի մեջ:
Նշենք, որ բողոքի ակցիայի նպատակը, ըստ նախաձեռնության անդամների, նախընտրական շրջանում քաղաքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորն ու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժականի պահանջն էր:
Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, թե իր հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են: «Ես տենց բաներ չեմ ուզում լսեմ: Դե, բան ա էլի, պախմելի տակ մեկն ա, ի՞նչ ես դրան լուրջ ուշադրություն դարձնում: Դրան չարժե իսկի ուշադրություն դարձնել: Դե երևի էլի, հա էլի: Դա անլուրջ հայտարարություն ա, ես լուրջ չեմ վերաբերվում: Իրանք չեն էլ կարա բողոքի ակցիաներ կազմակերպեն»: