President.am-ը և այլ կայքեր հարձակման են ենթարկվել
Հայաստանյան լրատվական մի շարք կայքէջեր երեկվանից DDoS հարձակման են ենթարկվում: Այդ թվում՝ News.am, tert.am, lragir.am, panorama.am, panarmenian.net:
Վաղ առավոտյան հարձակման էր ենթարկվել նաև մեր` 168.am լրատվական կայքը: Հարձակման ենթարկված կայքերի թիվը շատ ավելին է, դեռևս դժվար է կոնկրետ թիվ նշել:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այստեղ միայն կայքերի խնդիրը չէ, այլ նաև Հայաստանի ներքին պրովայդերների ցանցի խնդիրն է: «Բացի այն, որ լրատվական կայքերի վրա է հարձակում իրականացվել, հարձակում իրականացվել է նաև պրովայդերներից մեկի ցանցի վրա»,-ասաց Ս. Մարտիրոսյանը: Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմն է այս հարձակումներն իրականացրել, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց, որ դեռևս դժվար է մեղադրել մեկ ուրիշ ուժի: «Նրանք այս անգամ բավական լուրջ գումարներ են տվել և ուրիշներին են պատվիրել այս հարձակումները կատարել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Այսօր հարձակման էր ենթարկվել նաև ՀՀ նախագահի պաշտոնական president.am կայքէջը: Քիչ առաջ այն արդեն վերականգնվել է:
Հիշեցնենք, որ հայ հաքերներն անպատասխան չէին թողել երեկ ադրբեջանական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Այս փաստից հետո հայ-ադրբեջանական կիբեռ-տարածքում լուրջ պատերազմ է ընթանում: Տես` այստեղ.