Բաժիններ՝

Ադրբեջանը` առավելագույն նշաձող

Համաշխարհային տնտեսական ֆորումը պարծենալու հերթական առիթն է տվել մեր իշխանություններին` Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 144 երկրների շարքում առաջադիմել է միանգամից 10 հորիզոնականով և հանգրվանել
82-րդ տեղում։

Համոզված ենք, որ այս բարի լուրն արժանի ուշադրության կարժանանա պատկան մարմինների կողմից և կզարդարի ասուլիսների ժամանակ հնչող ելույթները: Ընդդիմախոսներն էլ, իրենց հերթին, կնշեն, որ նույն զեկույցում կան բաց կետեր, թերություններ, և այլն:

Սակայն այս ու սրա տիպի զեկույցներն ամենևին պարտադիր չեն՝ հասկանալու համար, թե որքանով ենք մրցունակ, կամ որքանով մրցունակ չենք: Միգուցե այլ հաշվարկների համաձայն լինեինք ոչ թե 82-րդ տեղում, այլ 62: Կամ ավելի ցածր` 102։ Սա էական չէ: Էականն այն է, որ եթե շարունակենք այնպես, ինչպես մինչև հիմա, ապա երբեք չենք դասվի աշխարհի իրապես մրցունակ երկրների շարքին։ Մեր հորիզոնականը սահմանափակ է, ու մեր առավելագույն նշաձողն Ադրբեջանից անցնելն է (որն, ի դեպ, մրցունակության զեկույցում 46-րդ հորիզոնականն է զբաղեցրել): Այսինքն` մրցունակության առումով մեր երկրի հնարավորություններն ի սկզբանե սահմանափակ են. կա մի նշաձող, որը չենք կարող անցնել, անգամ, եթե մեր իշխանությունները քրտնաջան աշխատեն:

Սա ոչ չարակամություն է, ոչ հոռետեսություն, այլ` պարզ տրամաբանություն: Չխորանալով տարբեր զեկույցների կազմման մեթոբանության մեջ` նշենք, որ իրապես մրցունակ լինելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ 3 պայմաններից գոնե մեկին։ Մրցունակ լինելու համար կամ պետք է լինել ժողովրդավարական երկիր (ինչպես Շվեյցարիան կամ Շվեդիան), կամ օրենքի երկիր (ինչպես Սինգապուրը), կամ բնական ռեսուրսներով հարուստ երկիր` ինչպես Քաթարը կամ Ադրբեջանը։

Կարդացեք նաև

Վերջին գործոնը մեր կամքից կախված չէ` ոչ նավթ ունենք, ոչ գազ։ Սակայն առաջին երկուսի դեպքում` ամեն ինչ մեր ձեռքում է: Ավելի ճիշտ կլինի ասել` կարող է մեր ձեռքում լինել։
Ի՞նչ կապ ունի ժողովրդավարությունը տնտեսության վիճակի և մրցունակության հետ։ Ամենաուղղակի։ Այդ հարցի վերաբերյալ շատ վերլուծություններ կան, սակայն դրանք ցիտելու կարիք ամենևին չկա։ Այդ կապը տեսնելու համար բավական է աչքի անցկացնել մեր պետական կամ դատական համակարգը։

Ամեն ինչի հիմքում ընկած է այն պարզ ճշմարտությունը, որ մարդկանց մեծ մասն իրենց բնույթով հակված են «անկյալության»։ Դա վառ արտահայտված է հատկապես հայկական միջավայրում, որտեղ «աշխատենք` որ չաշխատենք» կարգախոսը բավականին լուրջ է ընկալվում։ Մեզնից շատերը երազում են աշխատանք ունենալ, բայց չաշխատել։ Նստել փափուկ բազկաթոռին, վայելել քարտուղարուհու եփած սուրճն ու համակարգչով խաղեր խաղալ։ Ձեռքի հետ կարելի է մի քանի թուղթ-մուղթ ստորագրել` առանց կարդալու։ Հայաստանի մասնավոր հատվածում, սակայն, դա այժմ անհնար է` գործարարն անգամ իր հարազատ եղբորը հենց այնպես աշխատավարձ չի վճարում:

Եթե վճարում են, ապա պահանջում են արդյունք։ Մարդուն աշխատել ու արդյունք տալ ստիպում է ոչ թե աշխատասիրությունը (ինչպես մեզ սովորեցնում էին դպրոցում), այլ պատասխանատվությունն ու աշխատանքը կորցնելու վախը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ հաշվետվողականության և պատասխանատվության պահը վերանա։ Մարդը պարզապես չի աշխատի։ Եվ որքան շատ լինեն նման մարդիկ ու որքան բարձր պաշտոն զբաղեցնեն, այնքան այդ ընկերությունը դատապարտված է։

Իսկ Հայաստանի պետական համակարգում հենց այդպես է. չկա պատասխանատվություն և իշխանությունը կորցնելու վախ։ Իշխանությունը չի վախենում, որ վատ աշխատելու, բնակչության բարեկեցությունը չբարձրացնելու արդյունքում կարող է չվերընտրվել: Հակառակը` որքան վատ լինի ժողովրդի վիճակը, այնքան հեշտ կլինի ընտրակաշառք բաժանել և ընտրվել: Սա հենց ժողովրդավարության բացակայությունն է: Այդ դեպքում երկրի, նրա տնտեսության վիճակը կախված է միայն և միայն բարձրագույն իշխանությունների բարեհաճությունից` որքանով կկամենան մտածել երկրի մասին։

Նշենք սակայն, որ միայն բարեհաճությունը ոչինչ չի նշանակում։ Շատ դեպքերում դա էլ բավարար չէ։ Այսպես, ներքաղաքական ինտրիգների արդյունքում պետական ծառայողները, ամենաբարձր պաշտոններից սկսած` մինչև առաջին կարգի մասնագետները, փոխանակ զբաղվեն իրենց անմիջական պարտականություններով, փորձում են հասկանալ, թե որ ճամբարից որն անցնեն, ում «տանիքի տակ» մտնեն կամ մնան։

Որովհետև Հայաստանում հարցերը լուծվում են ոչ թե ժողովրդավարության և օրենքի շրջանակներում, այլ լրիվ այլ հարթության մեջ։ Մարդկային ուղեղի հնարավորություններն, ասում են, անսահմանափակ են, սակայն մարդն այդ հնարավորությունների մի չնչին տոկոսն է կարողանում օգտագործել։ Իսկ մերոնք այդ չնչին տոկոսն ամբողջությամբ ծառայեցնում են լրիվ այլ խնդիրներ լուծելուն։ Այսինքն` պետական կառավարման մարմինների արդյունավետությունը խիստ ցածր մակարդակի վրա է, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ տնտեսության և մրցունակության վրա։

Սա նշանակում է, որ քանի դեռ չեն լուծվել ժողովրդավարության և օրինականության խնդիրները, քանի դեռ Հայաստանում գոնե մեկ անգամ նորմալ ընտրություններ չեն անցկացվել, մրցունակությամբ մենք երբեք չենք կարող առաջատար դիրքեր գրավել աշխարհում: Իհարկե, եթե Սևանի հատակին նավթի հարուստ պաշարներ չգտնվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս