«Ինչ այլանդակություններ Ադրբեջանն անում է` ՀՀ-ին ամբաստանում են հավասարապես: Ասում են` ձեզ երկուսով էլ խելոք պահեք»
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձել է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ վերջին օրերին տեղի ունեցած միջազգային անդրադարձին:
«Սլովակիան և Ռումինիան Եվրամիության լիարժեք անդամներ են, բայց ձայն չեն հանում: Ինչի՞, ո՞նց կարող է այդ երկրները Վիկտոր Օրլանին նեղը դնելու այդ փայլուն հնարավորությունը չօգտագործեն: Ինչո՞ւ: Որովհետև մենք հետաքրքրություն չենք ներկայացնում որպես սուբյեկտ»,- ասել է Վ. Հովհաննիսյանը` հավելելով, թե դա լուրջ մտահոգության տեղիք պետք է տա:
Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ ՌԴ կողմից հնչած արձագանքին, նա ասել է, թե այն «չի բավարարում Ռուսաստանի հետ ամենախորը մերձեցման կողմնակիցներին»:
Խոսելով ԱԺ-ում քննարկվող հայտարարության մասին, Վահան Հովհաննիսյանը նշել է. «Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը զգուշացրել է Հայաստանին և Ադրբեջանին հավասարապես խելոք պահենք: Էն, ինչ սկսել են միջազգային բոլոր ատյաններում Մինսկի խումբը…Դեռ Գորբաչովի ժամանակներից է գալիս, երբ Ադրբեջանը ինչ պրովակացիաներ էր անում, սակայն հավասարապես մեղավոր էր դուրս գալիս Հայաստանը և մատ թափ տալու երևույթը շարունակում են նաև եվրոպական երկրները: Այսինքն` ինչ այլանդակություններ էլ, որ անում է Ադրբեջանը` Հայաստանին ամբաստանում են հավասարապես: Ասում են` ձեզ երկուսով էլ խելոք պահեք: Մենք մեր հայտարարության մեջ այս մասին ոչինչ չենք գրել»,- նկատեց Վահան Հովհաննիսյանը` առաջարկելով հայտարարության մեջ որևէ կերպ արձանագրել նաև այս մտահոգությունը: «Եթե մենք կուլ ենք տալիս եվրոպացիների հայտարարությունները, ապա նշանակում է, որ ԱԺ հայտարարոււթյուն գրելը ավելորդ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը, որտեղ, ինչպես հայտնի է` քննարկվում է 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցը:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ որոշվեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու մասին հարցի շուրջ ԱԺ արտահերթ նիստ գումարել: