Ասանժի համար գրավադրած անձինք կորցնում են իրենց գումարները

WikiLeaks-ի հիմնադիր Ջուալիան Ասանժի կողմնակիցները, որոնք անցած տարի նրա համար գրավ էին վճարել, կարող են կորցնել իրենց գումարներն այն բանից հետո, երբ լոնդոնյան դատարանը նրանց առաջարկեց ավստրալացուն համոզել հանձնվել, հաղորդում է Evening Standard թերթը:

9 մարդ, որոնք որպես երաշխավոր են հանդես եկել` վճարելով գրավը, դիմել են դատարան այն բանից հետո, երբ Ասանժը, խախտելով ազատ արձակվելու մասին պայմանը, թաքնվեց Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ու մի քանի շաբաթ առաջ ստացավ այդ երկրում քաղաքական ապաստան:

Ասանժին աջակցող այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Ջեմիմա Խանն ու բրիտանացի աշխարհահռչակ ռեժիսոր Քեն Լոուչը, դատարանին վճարել են ավելի քան 200 հազար ֆունտ ստեռլինգ, արդեն կորցրել են իրենց փողերը:

Այլ երաշխավորներ, ներառյալ Նոբելյան դափնեկիր, կենսաբան Ջոն Սալսթոնին, փորձում են դատարանի միջոցով հետ բերել իրենց գումարները:

Փաստաբան Հենրի Բլեքսլենդը երեկ կայացած նիստում հայտարարել է, որ իր հաճախորդները զարմացած են եղել Ասանժի արարքից ոչ պակաս, քան ոստիկանությունը, ու նրանց պետք չէ պատժել այն բանի համար, որ իրենց միջոցները տրամադրել են նրան օժանդակելու համար:

Տեսանյութեր

Լրահոս