Ո՞վ է տնօրինում Երևանի այգիները
Երևան քաղաքի այգիները տարբեր ժամկետներով վարձակալության են հանձնվել տարբեր ընկերությունների։ 168.am-ը հետաքրքրվել է քաղաքապետարանից, թե որ այգիները որ ընկերություններին են հանձնվել և ինչ պայմաններով։
«Երևան քաղաքի Թատերական այգին (ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանատանը հարակից այգին) 99 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրվել է «Բյուրակն» ՍՊԸ-ին՝ այգու բարեկարգման, կանաչի պահպանման, բնակչության հանգստի գոտիների, զվարճալիքների, առևտրի և հասարակական սննդի կազմակերպման նպատակով»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի նամակում՝ ի պատասխան մեր հարցմանը:
Նույն նամակում նշված էր, որ Երևան քաղաքի Ուսանողական այգում վարձակալության իրավունքով հողամասեր են տրամադրվել՝ «Փյունիկ» թատրոնին` 10 տարի ժամկետով՝ փորձասրահ-սրճարանի շինարարություն իրականացնելու նպատակով, «ՍԵԼԵՆ» ՍՊԸ-ին՝ 5 տարի ժամկետով՝ հասարակական սննդի կազմակերպման նպատակով, «Էլեգանտ» ՍՊԸ-ին՝ 15 տարի ժամկետով՝ սրճարան կազմակերպելու նպատակով, «Արմեն» ՍՊԸ-ին՝ 8 ժամկետով սրճարանի կազմակերպման նպատակով:
Այգի է վարձակալել նաև «Եվրոստան Ույուտ» ընկերությունը։ Ինչպես նշվում է քաղաքապետարանի նամակում. «Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Սիրահարների այգին 25 տարի ժամկետով հողամաս է տրամադրվել «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ին՝ մանկական հանգստի կենտրոնի կառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման և կանաչ գոտու պահպանման համար»:
Նշենք, որ նույն տեղեկանքի համաձայն, բյուջեով Սիրահարների այգու շահագործմանն օժանդակելու նպատակով նախատեսվել է հատկացնել 40 մլն դրամ, արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման համար՝ 37.7 միլիոն դրամ:
Քաղաքապետարանից խոստացել են պատասխանել նաև այն հարցին, թե ինչ պայմաններով են այգիները հանձնվել տարբեր ընկերությունների, և ինչու է բյուջեից գումար հատկացվում վարձակալության տրված այգիների շահագործման համար։