Բաժիններ՝

«Հաղորդումը պատրաստելու է «Ա1+»-ը, իսկ «Արմնյուզը» չի միջամտելու խմբագրական աշխատանքին»

«Ա1+»-ը սեպտեմբերի 10-ից սկսյալ՝ շաբաթը 5 օր՝ 20 րոպեանոց լրատվական վերլուծական հաղորդում է ունենալու «Արմնյուզի» եթերում: Aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը: Նրա խոսքով` նախաձեռնությունն «Արմնյուզինն» է և նպատակ ունի ներկայացնել ինֆորմացիոն ժանրի բազմաբովանդակ ծրագիր. «Հաղորդումը պատրաստելու է «Ա1+»-ը, իսկ «Արմնյուզը» չի միջամտելու խմբագրական աշխատանքին: Կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- ասել է նա:

Արտակ Ալեքսանյանի փոխանցմամբ` Արևմուտում ընդունված մշակույթի համաձայն` հեռուստաընկերությունները միմյանց պատվիրում են որոշակի հաղորդումներ. «Դրանք ոչ թե խանգարող հանգամանքներ են ստեղծում, այլ` լրացնում մեկը մյուսին»:

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասել է, որ երբ «Արմնյուզը» սկսեց թափ հավաքել ինֆորմացիոն դաշտում, «Ա1+»-ը չէր կարող քաշվել մի կողմ եւ սպասել, քանի որ լրատվական դաշտում է 1991-ից. «Համագործակցությունը, որպես բիզնես-առաջարկ, հետաքրքիր աշխատանք է ենթադրում: Պայմաններն «Ա1+»-ը մեծ սիրով է ընդունել: Ծրագիրը կունենա ինֆորմացիոն-վերլուծական բովանդակություն, ներկայացնելու է առօրյայի անցուդարձը, քաղաքական դաշտը, եւ հատկապես` մշակույթը, որը կարծում եմ` անտեսված է»:

Մովսեսյանը հաստատել է, որ շարունակելու են դատական այն գործընթացը, որ մրցույթներից հետո «Ա1+»-ը նախաձեռնել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ, և որտեղ որպես 3-րդ կողմ ընդգրկված է նաև «Արմնյուզը»: Վերջինիս հետ համագործակցության շրջանակում, Մեսրոպ Մովսեսյանի հավաստմամբ, աշխատանքն ու իրավունքների պաշտպանությունն առնչություն չեն ունենալու:

Կարդացեք նաև

Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, «Ա1+»-ի և «Արմնյուզի» քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրար. «Բայց դա չի համարվում թշնամություն և անհասկացողություն: Երկու կողմն էլ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում դիրքային պայքար: Շատերին դուր կգար, եթե ընթացքում մեր միջև «պատերազմ» սկսվեր, բայց նման բան չի լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս