ԱՀԱԶԱՆԳ. «Մինչև ամսվա վերջ ամեն հարց կլուծվի»

Հայանիստ գյուղի Նոր Գետաշեն թաղամասի բնակիչները «Գետաշեն հայրենակցական միության» աշխատակցուհի Վարդուշ Թոխյանի գլխավորությամբ դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված բողոք-նամակն արդեն անցել է մի քանի ատյաններով: Բնակիչների ահազանգին պատասխանել են նաև գյուղապետարանից, ովքեր զրուցելով գյուղացիների հետ, խոստացել էին, թե մի քանի օրվա ընթացքում գյուղի խողովակները կփոխվեն, ու ամեն բան կարգին կլինի:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ, Հայանիստ գյուղի Նոր Գետաշեն թաղամասի բնակիչները նույն բողոքով ահազանգել էին մեր խմբագրություն` դժգոհելով, թե գյուղում մնացել են միայն ծերերը, նրանք էլ չունեն խմելու և ոռոգման ջուր: Մեր`դեպքի վայր այցելության ընթացքում պարզել էինք, որ ամիսներ առաջ գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի ջանքերով գյուղի հին ջրագծերը քանդվել էին`նորով փոխարինելու պայմանով: Բայց գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի հետ մեր նախորդ զրույցի ընթացքում պարզվեց, որ խնդիրն անլուծելի չէ, պարզապես կան պատկան մարմիններ, որոնք չեն թույլատրում ներկայիս գյուղապետին որևէ աշխատանք ծավալել:

168.аm-ն այսօր կրկին զրուցեց Բալաբեկ Սարկիսյանի հետ` պարզելու համար, թե ինչ փուլում են գտնվում ջրագծերի փոփոխման աշխատանքները: «Ես էլ չգիտեմ` ի՞նչ ասեմ և ո՞նց բացատրեմ, որ աշխատանքներն ընթանում են: Նախորդ ահազանգից հետո մեզ օգնող կազմակերպությունները նեղացել էին, ասում էին, թե իրենց աջակցությունը չենք գնահատում: Գնացել խնդրել-աղաչել եմ, որ նորից մեզ օգնեն: Եթե դու լավություն ես անում, ու մարդիկ դա չեն գնահատում, էլ ի՞նչ կարող ես անել: Ամեն հարց լուծել եմ, խողովակների հետ կապված խնդիր չկա, մինչև ամսվա վերջ ամեն բան կարգին կլինի թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի հարցում»,- ասաց Հայանիստ գյուղի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս