Նոր Գետաշենը 24 տարի խմելու ջուր չի ունեցել
Մասիսի շրջանի Նոր Գետաշեն գյուղում խմելու ջուր չկա: «Գյուղապետն իր տանը ջուր ունի, էլ ինչի՞ համար պիտի մտածի գյուղացիների ՝ ջուր ունենալու մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասում էին գյուղի բնակիչները: Նրանք նշում էին, որ գյուղապետն այդ առնչությամբ որևէ քայլ չի ձեռնարկում գյուղը ջրով ապահովելու համար: Խնդրին առավել մանրամասն և տեղում ծանոթանալու համար այսօր այցելեցինք գյուղ: Ճանապարհները լցված էին հողով: Փորվել էր ջրամատակարարման ցանցը: Գյուղում ջուրը ժամով է տրվում գյուղացիներին, ինչից բնակիչները դժգոհ են: Հարցը պարզաբանելու նպատակով զրուցեցինք նաև գյուղի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի հետ, ով չհերքեց, որ գյուղը խմելու ջրի խնդիր ունի: Նա, սակայն, նաև հավաստիացրեց, որ իրենց ջանքերն ապարդյուն չեն անցել, և հովանավորների շնորհիվ՝ ջրամատակարարման ցանցը փոխելու համար կարողացել են ձեռք բերել համապատասխան սարքավորումներ: Գյուղապետն «անշնորհակալ» անվանեց գյուղացիներին, ովքեր խնդրի կապակցությամբ պետական տարբեր ատյանների բողոք-նամակներ են գրել: Գյուղապետը նաև ասաց, որ իր աշխատանքային կարճատև` մոտ մեկ տարվա գործունեության ընթացքում ինքը հասցրել է բարեկարգել քանդված վիճակում 24 տարի մնացած ճանապարհները, ընթացքի մեջ են նաև գյուղամեջի բարեկարգման աշխատանքները, երեխաների համար խաղահրապարակ է տեղադրվել: «Գետաշեն թաղամասում մենք շուրջ 24 տարի չենք ունեցել խմելու ջուր: Այսօր մենք, բոլորի դռները ծեծելով, փորձում ենք բարձրացված խնդիրներին, առկա պրոբլեմներին լուծում տալ: Խմելու ջրի համար մենք Արմավիրի մարզից 2.8 կմ ջրի խողովակները բերել-հասցրել ենք Գետաշեն թաղամաս, որ բոլոր տներում ջուր լինի: Բայց գյուղացիները տեղյակ չեն, որ Ոսկեհատի ջրամբարն էլ ջուր չունի: Ջուր չլինելու պատճառով մենք գնացել-խնդրել-աղաչել ենք, որ գոնե ժամով ջուր տան մեզ, մինչև 2014 թվականին Ոսկեհատ գյուղում նոր ջրամբար կառուցենք, որ իրենք էլ ջրով ապահով լինեն, մենք էլ: Գյուղացիներն այս ամենին ուզում են միանգամից հասնել, բայց խնդիրը նրանում է, որ 24 տարի այս գյուղում, ավերից բացի, ոչ մի բարեկարգում չի կատարվել»,- ասաց գյուղապետը: