Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ախթալայում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ
Օգոստոսի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախթալա քաղաքի բնակիչ Արսեն Չիչյանը և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև ոտքերով հարվածել ու վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և Նունե Խաչիկյանին:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է: