Հայաստանին համապետական մարքետինգ է անհրաժեշտ
ILSIS Consulting ընկերությունը գործում է շուրջ 23 տարի: Ընկերությունը մասնագիտացած է մենեջմենթի, մարդկային ռեսուրսների և մարքետինգի բնագավառում: Ընկերությունը գործում է մի քանի ուղղություններով, հիմնականում՝ խորհրդատվության (consulting), վերապատրաստում (training) և հրահանգավորում (coaching)։
Իսկ վերջին տարիներին ընկերությունը ծավալել է նաև քաղաքական ռազմավարությունների, քաղաքական լիդերների պատրաստում (leader building) և ինտերնետային քարոզչություն (E-campaigning) ուղղությունները` իր թիմում ընդգրկելով աշխարհահռչակ մասնագետների: Ընկերությունը խորհրդատվություն և դասընթացներ է անցկացրել տարբեր ոլորտի ավելի քան 300 հեղինակավոր ընկերությունների համար: Այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են՝ France Telecom-ը, Microsoft-ը, Intel-ը, Nokia-ն, Toshiba-ն, Oracle-ը, ALCATEL-ը, FIAT IVECO-ն, KAWASAKI-ն, HSBC բանկը, և այլն:
ILSIS Consulting-ը, որի կենտրոնը գտնվում է Փարիզում, արդեն 3 տարի է` ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում:
Փարիզից 168.am-ի հարցերին համաձայնեց պատասխանել ILSIS Consulting ընկերության գործադիր տնօրեն Վարդան Գաբրիելյանը (Vartan Kaprielian): Նշենք, որ նա մենեջմենթի և թվային քաղաքական իմիջի և արշավների մասնագետ է:
– Որպես մարքետինգի և իմիջի ստեղծման մասնագետ՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իմիջը Հայաստանից դուրս՝ արտերկրում:
– Մենք Հայաստանի մեջ ունենք մի շարք հնարավորություններ, սկսած ստեղծագործական մասից՝ մինչև բիզնեսի որոշ բնագավառներ: Մենք պետք է ուղղորդենք մեր ստեղծագործողներին դեպի միջազգային շուկա և միջազգային ճանաչում: Հայաստանն իր խաղատներով չէ, որ պիտի կարողանա զարմացնել, իսկ դրսից եկող տուրիստի աչքում, նախևառաջ, Հայաստանը ներկայանում է այդ իմիջով: Մեր մշակույթը մենք պետք է դիտարկենք ոչ միայն՝ որպես ժառանգություն, այլև՝ որպես ապրող իրականություն: Մեր պետությունն առայժմ անհեռատես քաղաքականություն ունի. Արդյո՞ք մենք պատկերացնում ենք, թե 30 տարի անց հայ մշակույթը որտեղ պետք է լինի և ինչ արժեք կարող է բերել մեր երկրին՝ թե՛ մեր հեղինակության, թե՛ նույնիսկ ֆինանսական առումով: Պետք է մեր ստեղծագործությունը սատարենք ու այն դարձնենք միջազգային և մենք էլ դառնանք միջազգային հանրության մի ազդու մասնիկը:
Սփյուռքի հետ համագործակցությունը մենք պետք է պատկերացնենք ոչ միայն ֆինանսական առումով, այլև, օրինակ, կապ հաստատենք գիտնականների հետ, իսկ նրանք կարող են մեր երկրի համար դռներ բացել դեպի միջազգային գիտական լաբորատորիաներ: Կարելի է միջազգային ընկերություններին հնարավորություններ տալ՝ գալ Հայաստան և գործունեություն ծավալել, թեկուզ՝ արտոնյալ պայմաններով, իսկ, օրինակ, 15 տարի անց նրանք հստակ պարտավորություններ ունենան մեր երկրի հանդեպ: Այդպիսով մենք թե՛ մեր գիտնականներին կպահենք Հայաստանում, և թե՛ մեր երկրի իմիջը բարձր կպահենք դրսի գիտական հանրության շրջանում:
Նույնը կարող եմ ասել ֆինանսական և բիզնես պոտենցիալի միատեղման ու նոր հնարավորությունների զարգացման մասին։ Մենք պետք է գործի անցնենք, և դրա համար հստակ և լուրջ փոփոխություններ են պետք, մեզ համակարգային փոփոխություններ են պետք: Պետք է, ու ես վստահ եմ, որ մենք կարող ենք ապահովել ավելի փայլուն ապագա, քան այն, ինչ ուրվագծվում է մեր առջև:
Ներկայում դրսում ոչ ոք չի խոսում Հայաստանի մասին՝ որպես գիտության երկիր: ՏՏ ոլորտը, որի մասին այդքան խոսում են Հայաստանում` որպես տնտեսության գերակա ճյուղ, այստեղ` Փարիզում, ոչ ոք չի խոսում այդ մասին: Նույնիսկ չեն լսել, թե Հայաստանը ՏՏ երկիր է:
– Այս դեպքում ինչպե՞ս Ձեզ հաջողվեց ստեղծել նորարարական մեթոդներով աշխատող ընկերություն նաև Հայաստանում, կադրերի հետ կապված խնդիրների չհանդիպեցի՞ք, և, ընդհանրապես, ի՞նչ մարտահրավերներ կային:
– Բացի Եվրոպայում ներկայանալուց, մենք ցանկանում էինք ներկայություն ունենալ նաև ԱՊՀ երկրներում: Ուզում էինք գալ Հայաստան և գործունեություն ծավալել հայրենիքում, փոքրիկ բիզնես ունենալ: Ցանկացած տեսակի կապ ստեղծելը հայրենիքի հետ պետք է բոլոր հայերի ծրագրերի մեջ տեղ գտնի: Մենք մուտք գործեցինք Հայաստան՝ հակառակ նրան, որ մեր գործընկերներն ընդհանրապես հայեր չեն: Հետո` Հայաստանը մեզ համար դարձավ՝ որպես լաբորատորիա, որն այսօր մեզ հնարավորություն կտա մուտք գործել և գործունեություն ծավալել նաև Վրաստանում, Ռուսաստանում և այլուր: Հայաստանը մեզ համար հնարավորություն էր` հասկանալու միջավայրի նրբությունները և հակասությունները և նոր միջավայրի հետ հարմարեցնել մեր աշխատաոճը:
Կադրերի առումով՝ մեզ համար կարևոր է ոչ միայն մասնագետի որակը, այլև տվյալ պրոֆեսիոնալի մարդկային որակը, նրա ազնվությունը, քանի որ մասնագիտական գործունեության պրոֆեսիոնալիզմից բացի, մենք մարդկային կերպարի հետ ենք աշխատում: Խելացի և աշխատասեր մարդիկ կարող են շուտով պրոֆեսիոնալ դառնալ. այս իմաստով մենք Հայաստանում երբեք խնդիրներ չունեցանք: Ավելին, մենք խորհրդակցեցինք բարձր հմտություններ և փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր արդեն միջազգային փորձ ունեին: Մենք կարողացել ենք կազմել հոյակապ մի թիմ։ Այժմ մենք նպատակ ենք դրել Հայաստանում պատրաստել մասնագետներ, ովքեր դուրս կգան և այլ երկրներում առաքելություններ կստանձնեն, թեկուզ սկսելով ԱՊՀ երկրներից: Այս ճանապարհով մենք կկարողանանք Հայաստանի բիզնես իմիջը բարձրացնել նաև Վրաստանում, Ռուսաստանում կամ Ուկրաինայում:
– Իսկ Հայաստանում նորարարական մեթոդներն ինչպե՞ս են ընդունվում, առաջընթաց գրանցե՞լ եք այս 3 տարիների ընթացքում:
– Գիտեք, Հայաստանում վաճառքի խնդիրները լուրջ են, մարդիկ բնազդաբար են վաճառում և միշտ չէ, որ մտածում են, թե այդ ամենը հատուկ հմտություններ է պահանջում, և դրանք կարելի է սովորել: Նկատել ենք, որ Հայաստանում մտածում են` մարդ կամ ի ծնե վաճառող է, կամ` ոչ, և, եթե լավ են խոսում, նշանակում է` կարող են վաճառող լինել: Իսկ որևէ կազմակերպության զարգացման կամ ապրանքների արտահանման համար հիմնական օղակներից մեկը վաճառքն է:
Մենք նոր ենք սկսել մենեջերների սերտիֆիկացման պրոցեսներ կիրառել Հայաստանում, որոնք նոր են նաև բոլոր ԱՊՀ երկրներում: Կարող եմ ասել, որ սկզբում ոմանք դժվարությամբ են ընդունում նման հնարավորությունը, բայց, երբ արդեն մտնում են պրոցեսի մեջ` հասկանում են ու հարց տալիս, թե ինչո՞ւ ավելի շուտ չենք սկսել:
Նույնիսկ պետության մակարդակով մեզ համապետական մարքետինգ է անհրաժեշտ: Այսօր տարբեր երկրներ, ինչպես՝ Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Թուրքիան կամ Ադրբեջանը, իրենց դեսպանատների կողքին ունեն առևտրական գրասենյակներ, որոնց նպատակն է՝ ծանոթացնել իրենց երկրի արտադրանքը, մասնակցել ցուցահանդեսների և այդպիսով խոսել իրենց երկրի առավելությունների մասին` տարվա յուրաքանչյուր օրն աշխատելով տնտեսական կապերի զարգացման ու ներդրումների ապահովման ուղղությամբ:
– Ձեր ընկերությունը հայաստանյան կազմակերպությունների համար դասընթացներ էր կազմակերպել: Կպատմե՞ք այդ մասին:
– Մենք բազմաթիվ հայաստանյան կազմակերպությունների համար դասընթացներ ենք կազմակերպել ու կազմակերպում՝ ներկայացնելով մարդկային ռեսուրսների, մենեջմենթի ու նաև՝ վաճառքի նորարարական մոտեցումները: Մեր ընկերությունը հիմնականում խորհրդատվություն է տրամադրում ընկերություններին, ուղղորդում է դրանք, ինչպեսև՝ ընկերությունների աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպում: Մենք այս 3 տարիների ընթացքում Հայաստանում շատ ընկերությունների համար ենք խորհրդատվություն ներկայացրել կամ դասընթացներ կազմակերպել, սկսել ենք «Օրանժ Արմենիայի»՝ դեռևս «Oրանժի» պաշտոնական մեկնարկումից առաջ և հետո։
Ապա՝ դասընթացներ ենք իրականացրել բազմաթիվ բանկերի, կոսմետիկայի, խանութների ցանցերի, արդյունաբերական ու այլ ոլորտների մեջ։ Մենք մենեջերների աշխատանքի ընդունման, վերադասավորման և աշխատանքի ընթացքին հետևելու հատուկ պրոցեսներ ենք կիրառում: Մեզ մոտ սխալի հավանականությունը 0-ական է: Հակառակ պարագայում՝ ստանձնում ենք ամբողջական պատասխանատվություն։ Գիտե՞ք, հայկական և այլ շուկաներում մեր ընկերությունն առանձնանում է իր ուրույն ոճով և ինքնատիպ ծրագրերով:
Ու հիմա քայլ առ քայլ ԱՊՀ երկրներ ենք բերում քաղաքական խորհրդատվության, լիդերների ստեղծման, իմիջի խորհրդատվության ու հատկապես՝ ինտերնետային քարոզարշավների մեր փորձը և մասնագետներին, ու նպատակ ունենք Հայաստանում զարգացնել էլեկտրոնային քարոզարշավի (e-campaigning) դպրոցը: