Կայուն զարգացող աղքատություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հերթական մի ծրագրի, որի մշակման և իրագործման մեխանիզմները դեռևս ոչ միայն իրատեսական չեն, այլև`մասնագիտական վերլուծության կարիք ունեն: Խոսքը «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության և ռազմավարության իրականացման 2012-1016թթ. գործողությունների ծրագրի» մասին է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարելավել տարեցների կյանքի որակը, ՀՀ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, մասնավորապես` Ծերացման Մադրիդյան ռազմավարության տարածաշրջանային հանձնարարությունների պահանջներին, իսկ գործողությունների ծրագրում ընդգրկված միջոցառումները հիմք կհանդիսանան տարեցների սոցիալական պաշտպանության ամենամյա ծրագրերի մշակման և իրականացման համար:
Բնականաբար, տարեցների կյանքի որակի բարձրացման առաջին նախապայմանը կենսաթոշակների բարձրացումն է, սակայն դրա մասին ծրագրի պատասխանատուները որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Արդյո՞ք տարեցների կյանքի որակը բարելավելու նպատակով ՀՀ իշխանությունները պատրաստվում են նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղին:
Օրինակ` Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ Հայաստանում հուլիսի վերջի դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղն ամսական կտրվածքով կազմում է 41 052 դրամ (111 դոլար), իսկ պարենային զամբյուղը՝ 26 485 դրամ (71,5 դոլար): Հաշվարկների համար հիմք են ընդունվել Առողջապահության նախարարության նորմաները, ըստ որոնց՝ մարդը յուրաքանչյուր օր միջին հաշվով պետք է սպառի 250 գրամ հաց, 200 գրամ կաթ, 25 գրամ պանիր, 250 գրամ կարտոֆիլ, 200 գրամ միրգ, կես հատ ձու, 5 գրամ շաքար, և այլն։ Սա՝ այն դեպքում, երբ միջին կենսաթոշակի չափը չի գերազանցում 30 000 դրամը:
Այլ կերպ ասած` Սոցապ նախարարությունն առաջիկայում կմշակի մի ռազմավարություն, որի արդյունավետության ուղենիշներն առայժմ «օդից կախված» են: Հետևաբար՝ չի բացառվում, որ գործադիրը մի քանի տարի շարունակ գումարներ ծախսի ծրագրի համար անհրաժեշտ հետազոտությունների, մոնիտորինգների և դրսից բերված մի ռազմավարության վրա, որը հետագայում կհամարի չաշխատող, ձախողված ծրագիր:
Ճիշտ այնպես, ինչպես տարիներ շարունակ մշակվեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», սակայն հետագայում նույն ծրագրի հեղինակներն ու փորձագետները հայտարարեցին, որ ազգաբնակչությունն այդ ծրագրից միայն տուժում է: Հետագայում, իհարկե, ռազմավարությունը վերանայելու փոխարեն՝ համապատասխան պաշտոնյաները վերանվանեցին ծրագիրը՝ դարձնելով «Կայուն զարգացման ծրագիր»: Մինչդեռ փորձագետները հայտարարում էին, թե ամոթ է Անկախության հռչակումից այսքան տարի անց Հայաստանում շրջանառել «Աղքատության հաղթահարման ծրագիրը», քանի որ մենք վաղուց, ինչպես ներսում, այնպես էլ` դրսում հայտարարում ենք, որ տնտեսական աճ արձանագրող, կայուն զարգացող պետություն ենք:
Ծրագրի անվանումը փոխվեց, բայց ռազմավարությունը նույնն էր: Ի դեպ, հայտարարվում էր, թե «Կայուն զարգացման ծրագիրը» Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ պլանավորման հիմնական փաստաթուղթն է, որը համապարփակ և ամբողջական տեսքով ներկայացնում է երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` նախանշելով թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ուղենիշերը:
2008թ. Կառավարության կողմից հաստատված «Կայուն զարգացման ծրագիրը», ըստ էության, հանդիսանում էր 2003թ. գործող «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» իբրև վերանայված տարբերակը: Թեև ծրագրի հեղինակները շեշտում էին, թե երկրորդն արդյունավետ է, այդուհանդերձ, երկու փաստաթղթերում էլ զետեղված էին նույն բոցաշունչ տողերը, որոնք այդպես էլ իրականություն չդարձան: «Հիմնական գերակայություններն են կայուն տեմպերով տնտեսական աճի ապահովումը, նպատակային սոցիալական քաղաքականության իրականացումը և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»,- ահա այսպիսի ռազմավարությամբ 2003թ.-ից սկսած՝ մենք ծրագրեր ենք մշակում, բայց, քանի որ ձախողում ենք` փոխում ենք ծրագրի անունը: Ի՞նչ է ստացվում…
Հիմա «Աղքատության հաղթահարման ռազմավարական» և «Կայուն զարգացման» ծրագրերն արդեն ժամանակավրեպ են, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում նոր ղեկավար ունենք: Նոր նախարար Արտեմ Ասատրյանը երիտասարդ, ներկայանալի պաշտոնյա է, և, բնականաբար, նախորդ նախարարների ազնիվ մղումները պաշտպանելու է, բայց ծրագրի անվանման հարցում կրկին նախորդների պես անհարմարավետություն է զգում:
Նախորդների նման՝ ինքն էլ է խոստանում նպատակային սոցիալական քաղաքականություն, իր ղեկավարած համակարգի արդյունավետության բարձրացում, բայց այն իրականացնելու համար Ասատրյանը ընտրել է ժամանակակից, հնչեղ ու էլի դրսից փաթեթավորված անվանում` «Մադրիդյան ռազմավարության տարածաշրջանային հանձնառությունների պահանջների կատարում»: Այսպիսով, կրկին միջազգային որևէ փաստաթղթով թոզ են փչում: Այնպես, ինչպես տարիներ առաջ վավերացնելով Հաշմանդամ անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան՝ մինչև այսօր հատուկ կարիքներ ունեցող մարդկանց անհրաժեշտ տարրական` տեղաշարժման իրավունքի հարցն ի զորու չենք լուծել:
Այնուամենայնիվ, կառավարությունը ծրագրին հավանություն է տվել: Մնում է հանրությունը ծրագրին հավանություն տա, կամ գոնե տարեցների կյանքի որակի բարձրացման խոստումը շոշափելի լինի: Հակառակ դեպքում` մեր Կառավարությունը ՀՀ բյուջեից մեծ գումարներ վատնելով՝ ճգնաժամից դուրս գալու ծրագրի հերթական վերնագիրն է փոխելու: