Ծառուկյանին իրավիճակը սխալ են ներկայացնում
Այլևս անհնար է լռել: Լռել եմ` ելնելով իմ հայկական մենթալիտետից, բայց այլևս չեմ կարող դեմ գնալ իմ սկզբունքներին։
Լռել եմ, որովհետև մտածել եմ` ինչ-որ տեղ կարող է համակարգի գլխին կանգնած ընկերները զգան իրենց սխալները, և այս ծանր վիճակից ելնելով` գնան արմատական փոփոխությունների, բայց ավաղ, ոչ, գնալով իսպառ տապալեցին ֆիզիկական դաստիարակության համակարգը։ Մինչ մեր պետության անկախության ձեռքբերումը սպորտը մեր երկրում դրված է եղել բավականին բարձր հիմքերի վրա։ Ունեինք հզոր գաղափարական կադրեր` գիտական մեծ ներուժ, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում ապահովելու սպորտային առաջընթացը։
Գնալով ամեն ինչ փոխվեց, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում մարզական կադրերի պատրաստման վրա։ Կոնկրետ ես շատ մարզիչների հետ եմ զրուցել և եկել այն եզրահանգման, որ նրանց մեծ մասը պարզ պատկերացում չունի իրենց իսկ մարզման պրոցեսի մասին։ Ինչ էլ գիտեն` դա բավական հին պատկերացում է և չի համապատասխանում ներկա ժամանակաշրջանի պահանջներին։
Չկա գիտական միտք, գիտական մոտեցում, առավելապես բացակայում է գիտական ստեղծագործական միտքը, ժամանակակից մոտեցումները, և այլն։ Ժողովրդի մեջ պատկերացումները բազմազան են, որ մարզիկներին բարձր չեն վարձատրում, լավ չեն նայում, չկան լավագույն պայմաններ։ Ճիշտ է, այս գործոնները նույնպես կարևոր են, բայց, իմ կարծիքով, ոչ շատ անհրաժեշտություն։ Սպորտային ֆեդերացիաները մատնված են անգործության, չկա արդյունք, իսկ պատճառը դարձյալ մեկն է. բացակայում է որակյալ մարզիչների առկայության փաստը։
Սպորտի համակարգը գործ ունի մարդ էակի հետ` որպես կենսաբանական միավորի։ Առավելապես մեր մարզիչները պետք է այնքան տեսականորեն և գործնականորեն զարգացած լինեն, որպեսզի այդ միավորին հասցնեն սպորտային բարձր նվաճումների։ Հիշում եմ` Մոսկվայում իմ ուսումնառության ու դասախոսելու տարիներին, երբ գործուղման էին գալիս օտարերկրյա (չինացի, գերմանացի, ալժիրցի, և այլ երկրների) մասնագետներ, մեր տեսության ամբիոնի վարիչ Լ.Պ. Մատվեևը հատուկ հրահանգում էր, որ մարզման հետ կապված` մենք ծառայողական գաղտնիքներ չհրապարակենք։
Ասածիս միտքը կայանում է նրանում, որ մենք էլ ունենք ներուժ, որ կարող են բավականին բարձրացնել, առավելապես մարզիչների տեսական և գործնական պատրաստվածության մակարդակը, որ նրանք կարող են մի քանի անգամ ավելին իմանալ, քան օտարերկրյա մասնագետները։ Բոլորս քաջ տեղյակ ենք, որ կադրերի պատրաստման միակ դարբնոցը դա Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն է, որն իր կադրերով ժամանակին ուղղակի փայլել է թե՛ ներսում, և թե՛ միջազգային արենայում, իսկ այսօր ցավով պետք է նշեմ, որ այդ բուհը նույնպես մատնված է անգործության։ Ձախողված է ուսումնական պրոցեսը։
Դասախոսությունները, գործնական ու սեմինար պարապմունքներն անցկացվում են ուղղակի անցկացնելու համար։ Պատշաճ ձևով չի կազմակերպվում մանկավարժական պրակտիկան։ Չեմ ցանկանում կարծիք հայտնել ոչ գիտության, ոչ էլ գրված բրոշյուրների և գրքերի մասին։
Մի բնորոշում տամ, և ամեն ինչ ավելի պարզ կլինի` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։
Ներկայումս ես, որպես մասնագետ, չեմ կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ բուհ է, և այդ բուհի շրջանավարտը ի՞նչ մասնագիտություն է ստանում։
Գագիկ Ծառուկյանը համարվում է տվյալ բուհի գիտական խորհրդի, ինչպես նաև` ՀԱՕԿ-ի նախագահը, և, անկեղծ ասած, նա ջանք ու եռանդ չի խնայում սպորտային նվաճումները կատարելության հասցնելու համար, ու ցավում է յուրաքանչյուր սպորտային անհաջողության դեպքում:
Պարզապես կարծում եմ, որ պրն Ծառուկյանին ոչ պատշաճ ձևով են ներկայացնում համակարգի վիճակը, և ինքը տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում այնտեղ: Դրանում ես համոզված եմ: Իսկ երբ որ ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես` արդյունքը լինում է սա, ինչ որ այսօր կա։
Ես կոչով դիմում եմ պրն Ծառուկյանին, եթե ինքը ցանկություն հայտնի և ցանկանա ճիշտ պատկերացում կազմել այս համակարգի ու դրա հետագա ճիշտ կազմակերպելու և ճշտելու մասին, թող իր իսկ հրահանգով բանավեճի հրավիրի ինձ և ինստիտուտի ռեկտոր Վ. Առաքելյանին, ու ամեն ինչ կընկնի իր տեղը, և պարզ կդառնա։ Մեր հայ ազգը միշտ էլ մեծ տեղ է տվել սպորտին։
Յուրաքանչյուր հայ ծնող ցանկանում է տեսնել իր երեխային առողջ, գեղեցիկ կեցվածքով, ֆիզիկապես պատրաստի զինվորի, ինչո՞ւ չէ, նաև օլիմպիական չեմպիոնի։ Դպրոցում սպորտ հասկացությունը գրեթե վերացել է։ Պատկերացումն այնպիսին է, որ այդպիսի առարկա ուղղակի դասացուցակում չկա։ Այս առումով բերեմ Ռուսաստանի` նախկինում Գերագույն խորհրդի նախագահ Կալինինի հուշերից մեկ օրինակ։
Նա դպրոցում ճանաչում էր երեք կարևոր և պարտադիր առարկա` մայրենի լեզու, մաթեմատիկա և ֆիզիկական կուլտուրա, իսկ իմ պատկերացումն այնպիսին է, որ մեր կառավարության վերին էշելոնում կանգնած այրերն ուղղակի մոռացել են, որ այդպիսի համակարգ կա։ Եզրահանգումը մեկն է, որ այսօր մենք պետք է պետականորեն մտածենք, ազգովի կանգնենք բարելավելու, վերականգնելու մեր սպորտային բարքերը, ոչ թե մահացնենք, այլ առողջացնենք այդ համակարգը։ Հետ բերենք մեր լավագույն սպորտային ավանդույթներն ու հաջողությունները, իսկ առաջին հերթին պետք է մտածենք որակյալ կադրեր պատրաստելու մասին։
Հ.Ե.Կիրակոսյան
Սպորտի տեսաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ