Ռուսական հատուկ ծառայությունները թափանցում են ինտերնետ
«Ռուսաստանում ինտերնետի և նոր ԶԼՄ-ների ազդեցությունը քաղաքական կյանքի վրա աճում է, և գործող իշխանության քննադատներն իրենց ավելի անվտանգ են զգում առաջին հերթին՝ Facebook-ում և Twitter-ում»,- գրում է գերմանական «Die Welt»-ը, ըստ որի՝ միայն այս սոցիալական ցանցերն են, որ չեն վերահսկվում իշխանությունների կողմից, և միշտ չէ, որ հնարավոր է կանխատեսել, թե որ թեման արդիական կդառնա օգտատերերի շրջանում:
Մյուս կողմից, ըստ հոդվածի հեղինակի, հաճախ այդ ճանապարհով տարածվում են չճշտված տվյալներ, և որևէ մեկը չի կարող ասել, թե ով է կանգնած Facebook-ի կամ Twitter-ի այս կամ այն օգտատիրոջ էջի հետևում: «Die Welt»-ի տվյալներով, բազմաթիվ երկրների կառավարություններ փորձում են հետազոտել այս նոր ֆենոմենը և գնահատել դրա ռիսկերը: Օրինակ, ԱՄՆ-ում արդեն մշակում են «Սոցիալական ցանցերը ռազմավարական հաղորդակցության մեջ» (SMISC) անվանումով մի համակարգ, որը նախատեսված է կիրառել սոցցանցերի վերլուծության և քարոզչական արշավների բացահայտման նպատակով:
Ռուսական իշխանությունները ևս, ըստ «Die Welt»-ի, հատկապես հունվարյան բողոքի ալիքներից հետո, սկսել են լուրջ վերաբերվել ինտերնետին: ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը հունվարին անց է կացրել երեք փակ մրցույթ` սոցիալական ցանցերի միջոցով հասարակական կարծիքի վրա ազդեցության համակարգերի մշակման համար: «Ծրագիրն ընդհանուր առմամբ արժենալու է 750 հազար եվրո, այն դեպքում, երբ նույն SMISC-ի արժեքը հասնում է 42 մլն դոլարի: Ծրագրի նպատակն է՝ հասկանալ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման մեխանիզմը` այդ տվյալները սեփական քարոզչության շրջանակներում կիրառելու համար»,- գրում է հրատարակությունը: