Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Ֆրանս Տելեկոմ»-ի Եվրոպայի գծով փոխնախագահին
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ օգոստոսի 28-ին ընդունել է Ֆրանս Տելեկոմ (Օրանժ) ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Բենուա Շենի գլխավորած պատվիրակությանը:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Բենուա Շենը Գագիկ Բեգլարյանին ներկայացրել է («Օրանժ Արմենիա») ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի իրավահաջորդ Ֆրանսիս Ժելիբտերին: Նախարարը ողջունելով Ժելիբտերին` ընդգծել է, որ նախկինում ընկերության հետ սերտորեն համագործակցել են, ինչը, կարծում է, կշարունակվի նաև նոր տնօրենի օրոք:
«Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է իր ուժերի ներածին չափով ընկերությանն աջակցել առաջիկա նախագծերի իրականացման հարցում»,-ասել է նախարարը:
Ֆրանսիս Ժելիբտերը նշել է, որ ուրախ է ստանձնելու «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, նաև հասցրել է զբոսնել Երևանում և պատկերացում կազմել քաղաքի ու նրա բնակիչների մասին: Ժելիբտերը նախարարին ներկայացրել է, որ շնորհակալ է Բրունո Դյութային կատարած աշխատանքի համար, շեշտել, որ ընկերությունն ունի երիտասարդ ու դինամիկ թիմ, որի հետ պատրաստ է ստանձնել բարի ավանդույթները, ինչպես նաև նորարարություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ: