ՄԱՄ-ի ռազմավարական ծրագիրը և աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնները

Պեկինում շարունակվող Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեայում օգոստոսի 27-28-ին տեղի ունեցավ «ՄԱՄ-ի ռազմավարական ծրագիրը և աստղագիտության զարգացման կենտրոնները» հատուկ նստաշրջանը, որում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը ներկայացրեց «Հայաստանը որպես ՄԱՄ-ի ռազմավարական ծրագրի իրականացման համար Մերձավոր Արևելքի տարածաշրջանային կենտրոն» զեկուցումը:

 

Ներկայացնելով հայկական աստղագիտության նվաճումները, նա նշեց, որ Հայաստանը` ի դեմս Բյուրականի աստղադիտարանի և այլ աստղագիտական կենտրոնների, ինչպես նաև իր հարուստ աստղագիտական ժառանգությամբ, միջազգային մեծ հեղինակություն ունի և ըստ էության փաստացի հանդիսանում է տարածաշրջանի աստղագիտական կենտրոն, մասնավորապես Վիկտոր Համբարձումյանի և մեր մյուս մեծ աստղագետների գիտական նվաճումներով, տարածաշրջանի խոշորագույն` 2.6մ և Շմիդտի համակարգի աշխարհի խոշորագույններից` 1մ աստղադիտակներով, մի շարք կարևոր միջազգային (այդ թվում ՄԱՄ) գիտաժողովներով, միջազգային ամառային դպրոցներով, որոնց մասնակցում են տարածաշրջանի ուսանողները և երիտասարդ աստղագետները, մի շարք երկրների հետ ունեցած ակտիվ միջազգային համագործակցությամբ, միջազգային ասպիրանտուրայի ծրագրով, որի շրջանակներում Հայաստանում գիտական աստիճանի են արժանացել Ռուսաստանի, Ուկրաինայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ուզբեկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Հորդանանի աստղագետներ, Մարգարյանի հանրահայտ շրջահայությամբ և աշխարհի խոշորագույն աստղագիտական սպեկտրային տվյալների շտեմարաններից մեկով, որը վերջերս ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանում, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի անդամ հանդիսացող Հայկական վիրտուալ աստղադիտարանով, որը տարածաշրջանում միակ նմանօրինակ նախագիծն է, ակտիվորեն գործող Հայկական աստղագիտական ընկերությամբ, որը հիրավի միջազգային կարգավիճակ ունի, Վիկտոր Համբարձումյանի անվան խոշոր միջազգային մրցանակով, վերջերս հիմնադրված Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրով, ինչպես նաև վերջերս նախաձեռնած գիտական լրագրության ծրագրով:

 

Ստանալով տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ, Հայաստանը կկարողանա նշված բոլոր ծրագրերն ավելի համակարգված և արդյունավետ իրականացնել: Մասնավորապես, Հայաստանը կարող է տարածաշրջանի համար տարբեր մակարդակների աստղագիտական կրթության (այդ թվում մագիստրոսական և ասպիրանտական) կենտրոն հանդիսանալ: Ըստ ՄԱՄ-ի ռազմավարական ծրագրի, այս ամենի համար անհրաժեշտ է պետական լայնածավալ աջակցություն, որի դեպքում միայն ՄԱՄ-ը կարող է Հայաստանին շնորհել համապատասխան կարգավիճակ:

 

ՄԱՄ գլխավոր ասամբլեան շարունակում է աշխատանքը:

 

Արեգ Միքայելյան

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ

Չինաստանից՝ հատուկ 168.am-ի համար

Տեսանյութեր

Լրահոս