Բնապահպանության նախարարությունն ի վիճակի չէ լուծել որսագողության խնդիրները
«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը համոզված է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն ի զորու չէ լուծել որսագողության հետ կապված խնդիրները:
Ըստ նրա, որսորդ դառնալու համար այսօր Հայաստանում շատ հեշտ է ձեռք բերել համապատասխան լիցենզիա, ինչն առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում որսագողության համար: «Ով էս երկրում չի ալարում, ով մի քանի դրամ ունի, կարողանում է հրացան առնել, կարողանում է դառնալ որսորդության անդամ»,- այսօրվա ասուլիսում ասաց Էդուարդ Սարիբեկյանը: Սակայն, ըստ նրա՝ որսորդության անդամատոմս և զենք ունենալու թույլտվությունը պետք է լինեն դժվար հասանելի և ոչ բոլորի համար մատչելի:
Էդուարդ Սարիբեկյանը որսորդության ոլորտում մի շարք խախտումներ է նկատում: Նրա դիտարկմամբ՝ ներկայում արտասահմանյան մի շարք որսորդական կազմակերպություններ կազմակերպում են հայկական մուֆլոնի որս հենց Հայաստանի տարածքում, այն դեպքում, երբ այն գրանցված է Կարմիր գրքում: «Տպավորությունս էնպիսին է, որ այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանություններից անտեղյակ»,- ասաց նա:
«Օրինավոր որսի ակումբի» ղեկավարի փոխանցմամբ` նախաձեռնությունը բազմաթիվ անգամներ խախտումներ նկատելիս զեկուցել է և´ ՀՀ բնապահպանության նախարարությանը, և´ տարածքային կառավարման մարմիններին, բայց ոչ մի անգամ քայլեր չեն ձեռնարկվել՝ օրենքը խախտողներին պատժելու համար: «Ի պատասխան իմ այն հայտարարության, որ այսինչ տարածքում անօրինական որս են անում, նրանք հաճախ պատասխանել են՝ իսկ դուք ի՞նչ էիք անում այդ տարածքում»,- պատմում է Է. Սարիբեկյանը:
Միաժամանակ, նա համոզված է, որ որսն ամբողջությամբ արգելել պետք չէ, քանի որ ճիշտ որսը բնությանը չի վնասում. «Ընդհակառակը, պետք է որսը կանոնակարգել, վերահսկել և դրանից ստացված եկամուտներն օգտագործել նույն բնության ռեգեներացիայի, որսատեսակների զարգացման վրա և, ինչո՞ւ չէ, նաև որսորդությունը դարձնել տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը»:
Ըստ նրա`ոլորտը վերահսկելու գործում շատ անելիքներ ունեն հասարակությունը, լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները: