Ստվերն ավելանալու վտանգ կա
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունված «Եկամտային հարկի մասին» օրենքը, որով էական փոփոխություններ են կատարվել եկամտահարկի հաշվարկման մեխանիզմում:
Նոր օրենքը փոխարինելու է ներկայումս գործող «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքներին:
168.am-ի հարցին, թե որքանո՞վ այս օրենքը կբարելավի քաղաքացիների սոցիալական վիճակը և կազդի հասարակության գնողունակության վրա, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, թե, բնականաբար, օրենքի փոփոխությունն ուղղված է բյուջեում եկամտային մասի ավելացմանը, իսկ թե որքանո՞վ դա կիրականանա` ցույց կտա օրենքի կիրառումը: «Կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, մեծ չէ այն մարդկանց թիվը, որոնցից ստացված եկամտահարկերը համալրելու են բյուջեի եկամտային մասը: Հնարավոր է նաև այն, որ բարձր աշխատավարձ ստացողները խուսափեն իրենց իրական աշխատավարձերը հայտարարագրելուց, և դա մղվի դեպի ստվեր: Սա առկա վտանգ է»,- ասաց նա:
Մեր այն հարցին էլ, թե արդյո՞ք հնարավոր չէ խուսափել «ստվերից», Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Հնարավոր է՝ միայն ճկուն հարկային քաղաքականություն և պատշաճ մակարդակի վերահսկողություն սահմանելով»: