Բաժիններ՝

Ինչո՞ւ չեն կատարում պետության պատվերը

Արդեն քանի օր է` 168.am-ը ահազանգեր է ստանում մայրաքաղաքի բնակիչների կողմից, ովքեր ներգրավված են սոցիալապես անապահով խմբերում, ունեն պետական պատվերի իրավունք, սակայն բուժհաստատություններում նրանց պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: Մասնավորապես՝ թոշակառու, հաշմանդամության կարգ ունեցող մեր համաքաղաքացիները պնդում են, որ հիվանդանոցներում պետպատվերի ուղեգիրը տեսնելիս՝ բուժաշխատողներն արդեն վերապահումով և անտարբերությամբ են մոտենում հիվանդներին: «Ես միայնակ թոշակառու, ինֆարկտ տարած կին եմ, խնամող չունեմ: Ինձ ասում են` դեղորայքը առ բեր, որ բուժենք: Լավ, որտեղի՞ց բերեմ ամբողջ մի ցուցակ դեղը, բա էլ պետպատվերի իմաստը ո՞րն ա, հիվանդին մահճակալ տա՞լը»,- 168.am-ի հետ զրույցում վրդովված պատմում էր թոշակառու Ռոզա Խաչատրյանը: Նույն խնդրով օրեր առաջ մեզ էր դիմել միայնակ թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ Ռիմա Հովհաննիսյանը, ով, թեև հունվար ամսից գամվել է անկողնուն, այդուհանդերձ, բուժհաստատություններն անգամ պետպատվերի ուղեգրով նրան ստացիոնար բուժում չեն ապահովում: «Ես սրտանոթային և ոսկրային հիվանդություններ ունեմ: Ո՞նց կարելի ա սենց անմարդկային լինել: Հիվանդանոցից ահագին դեղ են գրել, ասել են` կխմես: Ես 35.000 դրամ նպաստով ու թոշակով ապրող մենակ մարդ եմ: Էդ գումարով կոմունալ վարձե՞րը վճարեմ, ապրե՞մ, թե՞ դեղեր առնեմ: Ախր սա ի՞նչ պետություն ա, ինչի՞ են անունը դրել՝ պետպատվեր: Հիվանդանոցից ասում են` գնա պոլիկլինիկայից դեղերն ուզի, պոլիկլինիկան էլ ասում ա` չունենք: Ուրեմն` մեր երկրի թոշակառուներն ի՞նչ անեն…»,- բարկացած ասում էր Ռ. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը մշտապես հայտարարում էր, որ պետպատվերի հիմնական նպատակն այն է, որ, եթե մարդ ունևոր չէ, չի նշանակում, որ պետք է վատ բուժօգնություն ստանա: «Առողջապահության ոլորտի հիմնական նպատակն է՝ բարելավել բուժսպասարկման որակը, քանի որ, ցավոք, մարդիկ այս իմաստով չեն վստահում բժիշկներին»,- իր պաշտոնավարման տարիներին բազմիցս հայտարարել է նա:


Հիշեցնենք, որ 2012թ.-ի պետական բյուջեով ոլորտում պետպատվերով բազմապիսի ծրագրեր իրականացնելու համար տրվել է հատկացումների 80%-ը: Այլ կերպ ասած` հիվանդանոցային բուժօգնությանը հատկացվելէ 27.8 մլրդ դրամ, իսկ արտահիվանդանոցայինին` 23.8 մլրդ դրամ:
168.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը` մեկնաբանելով քաղաքացիների կողմից հնչող դժգոհությունները` միանշանակ հայտարարեց, որ պետպատվերով ուղեգրված հիվանդների դեղորայքը պարտավոր է տրամադրել բուժհաստատությունը: Այսինքն`պետպատվերի մեջ մտնում է նաև անվճար դեղորայքի տրամադրումը: «Այլ հարց է, որ, օրինակ` ուռուցքաբանության հետ կապված, ճիշտ է,  բուժհաստատությունը տրամադրում է դեղորայքը, բայց գոյություն ունեն ավելի լավ դեղորայքներ, որոնք թանկարժեք են, բայց հիվանդը նախընտրում է թանկարժեք դեղորայքով բուժվել, և ինքն է գնում»,- ասաց Ա. Հայթայանը, ում մենք փոխանցեցինք, որ մեզ դիմած քաղաքացիներն անապահով կարգավիճակ ունեցող թոշակառուներ են, ովքեր բոլորովին այլ խնդիր են բարձրացնում, համաձայն որի` պետությունը բյուջեով գումար է փոխանցում խոցելի խմբերի բուժսպասարկումն իրականացնելու համար, սակայն բուժհաստատությունը չի կատարում պետության պատվերը: «Եթե հիվանդը պետպատվերով է բուժվում, այո՛, դեղորայքը պետք է բուժհաստատությունը տրամադրի»,- կրկին հավաստիացրեց Հայթայանը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս