ԱՄՆ-ը խտրականություն է մտցնում հայ զինապարտների միջև. իրավապաշտպան

2011թվականին ԱՄՆ պետդեպարտամենտը կրոնական ազատությունների մասին իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին, որը սև ցուցակում է հայտնվել մի քանի կետերի պատճառով. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանության խորհրդի» նախաձեռնող անդամ Զարուհի Դիլանյանը:

Վերջինս նկատեց, թե այդ կետերից հատկապես անընդունելի է այն, որ զեկույցում նշված է, որ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ ներկայությունը կարող է վնասել որոշ կրոնական փոքրամասնությունների ինքնասիրությունը:

«Սա բավականին ծիծաղելի կետ է՝ հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու ավանդական ներկայությունը հայ հասարակության մեջ: Հայաստանին մեղադրում էին 58 Եհովայի վկաներին հալածելու մեջ: Դրա պատճառն այն է, որ նրանք ազատազրկման են ենթարկվել զինվորական ծառայությունից խուսափելու համար: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է հալածվում՝ Եհովայի վկանե՞րը, թե՞ պետությունը»,- ասաց նա։

Զարուհի Դիլանյանը ավելացրեց, որ Եհովայի վկաները հրաժարվում են ոչ միայն զինծառայությունից, այլև այլընտրանքային ծառայությունից:

Բացի այդ, նրան վրդովվեցնում է այն հարցը, թե ինչո՞վ են եհովայի վկաները «առավել» մյուս տղաներից, որ կարող են խուսափել զինծառայությունից և չպաշտպանել իրենց երկիրը: «Ինչո՞ւ իրենց պետք է տրվի նման «արտոնություններ»,- ասաց նա:

ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը նշեց, որ պետք է մշակել այնպիսի օրենք, որը չի վիրավորի որևէ մեկի կրոնական պատկանելիությունը, սակայն միաժամանակ կապահովի երկրի պաշտպանվածությունը:

««Հոգևոր անվտանգություն» տերմինը շիծու է, սին երևույթ է, որը շեշտադրում են եվրոպացիներն ու բոլոր նրանք, ովքեր դա անում են ելնելով տարբեր հետաքրքրություններից»,– բացատրեց նա։

«Մեր ժողովրդի խնդիրը պաշտպանված լինելն է այլոց ոտնձգություններից: Իսկ ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, ապա ասեմ, որ հայ ազգն ու Առաքելական եկեղեցին մի մարմին են, չկա ազգը՝ չկա եկեղեցին, և հակառակը»,- եզրափակեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս