Հայաստանի ճախրող ստրուկներ

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում հայկական «Արմավիա» ավիաընկերության շուրջ, հայ-ռուսական հարաբերությունների «որակի» լավագույն վկայությունն է:
«Ազգային ավիափոխադրող» հնչեղ կարգավիճակն ունեցող ընկերությունը, բառի բուն իմաստով, «վիզը ծռած» սպասում է, թե իր գործունեությանն առնչվող ի՞նչ որոշում կկայացնի մեկ այլ պետության` Ռուսաստանի ղեկավարությունը:

Խոսքը` տխրահռչակ  ռուսական «Sukhoi Superjet-100» օդանավի ձեռքբերման շուրջ առաջացած աղմուկի մասին է: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Անցյալ տարի ռուսական բանկի կողմից ստացված վարկով հայկական ավիաընկերությունը գնել է ավիացիոն անվտանգության չափանիշներին չհամապատասխանող, միջազգային փորձաքննությունն ամբողջությամբ չանցած, այսինքն` անորակ  «Sukhoi Superjet-100» առաջին ինքնաթիռը և հայտարարել է երկրորդ նման օդանավը գնելու ցանկության մասին: Գուցե նաև սկսել է երկրորդ օդանավի գնման գործընթացը:

Այս տարվա մայիսին Ինդոնեզիայում «Sukhoi Superjet-100» օդանավի փորձարկման թռիչքի ժամանակ տեղի ունեցած վթարից հետո հայտնի դարձավ, որ «Արմավիան» հրաժարվում է գնել նախապես հայտարարված երկրորդ ինքնաթիռը: Ռուսական մամուլն այդ մասին հրապարակումներում «Արմավիային» ներկայացնում էր՝ գրեթե որպես ազգի դավաճանի: «Արմավիան»՝ ինքը, շատ զգուշավոր էր և հիմա էլ շատ զգուշավոր է այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններում: Շուրջ երկու ամիս պահանջվեց, որպեսզի ընկերությունը հայտարարի, որ իրականում «Sukhoi Superjet-100» օդանավի ձեռքբերումը և շահագործումը տնտեսապես ձեռնտու չէ:

Բնականաբար, «Արմավիայի» ղեկավարությունը չի համարձակվում հայտարարել, որ, բացի տնտեսապես ձեռնտու չլինելուց, այդ օդանավի շահագործումը նաև անվտանգ չէ: Նախ՝ առաջին «Sukhoi Superjet-100»-ը թռիչքներ է իրականացնում, և նման հայտարարությունից հետո ուղևորներն ուղղակի կհրաժարվեն թռչել այդ ինքնաթիռով: Բայց կա ավելի լուրջ պատճառ. գնելով առաջին «Sukhoi Superjet-100»-ը՝ «Արմավիան», փաստորեն, համաձայնվել է դառնալ կասկածելի որակով ինքնաթիռի «փորձարկողը», այսինքն`  հանուն ռուսական ավիաշինարարության զարգացման՝ վտանգի է ենթարկել ՀՀ քաղաքացիների կյանքը:

Կարդացեք նաև

Հիմա որևէ կերպ խոսել այդ ինքնաթիռի որակի մասին` նշանակում է՝ վնասել նաև Ռուսաստանին, ինչը, բնականաբար, «Արմավիայի» ու նրա սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի պարագայում «մահացու մեղք» է: Այդ մասին է վկայում նաև այն զգուշավորությունն ու տոնայնությունը, որով «Արմավիան» հանդես է գալիս այս պատմության մեջ:

«Մենք լիահույս ենք և հավատում ենք, որ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը ճիշտ որոշում կկայացնի այս հարցի շուրջ»,- Tert.am-ին այսօր ասել են «Արմավիայից»: Բանն այն է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ տարածաշրջանային ավիափոխադրումների զարգացման հարցով նախօրեին կայացած խորհրդակցության արդյունքում հայտարարվել էր, որ ՌԴ արտաքին գործերի ու արդյունաբերության և առևտրի նախարարությունն՝ OAK բաց բաժնետիրական ընկերության հետ համատեղ, կզբաղվեն «Արմավիա» ավիաընկերության կողմից «Superjet-100» օդանավի շահագործման հարցով:

Իսկ հանձնարարության կատարման ժամկետը սեպտեմբերի 15-ն է: Անձամբ Մեդվեդևի կողմից այս հարցով զբաղվելու փաստն ինքնին վկայում է, որ հարցը շատ կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ վերաբերում է ռազմավարական գերակայություններից մեկին` ավիաշինարարությանը: Այսինքն` դժվար չէ ենթադրել, որ ռուսական կողմը փորձելու է ՀՀ իշխանություններին ու «Արմավիային» (լայն իմաստով՝ տվյալ դեպքում դրանք նույնն են) պարտադրել` չհրաժարվել երկրորդ «Sukhoi Superjet-100»-ը չգնելու գաղափարից, քանի որ դա կարող է վնասել Ռուսաստանի` առանց այն էլ սասանված հեղինակությանը:

Մտածել, որ այս հարցում ՀՀ իշխանությունները սկզբունքային դիրքորոշում կորդեգրեն և կպաշտպանեն «ազգային ավիափոխադրողի» շահերը, միամտություն է, քանի որ իշխանություններն իրենք այսօր գտնվում են ռուսական բազմակողմանի ճնշումների ներքո: Ավելին` շատ հավանական է, որ «Արմավիայի» շուրջ այսօր տեղի ունեցող իրադարձությունները կատարվում են հենց այդ ճնշումների համատեքստում և դրանցից մեկն են միայն:

Բոլոր դեպքերում, առնվազն ՀՀ քաղաքացու տեսանկյունից նվաստացուցիչ է, որ «ազգային ավիափոխադրողի» կարգավիճակ ունեցող ընկերությունը «հավատում» և «հույս է կապում» մեկ այլ պետության առանձին վերցրած վարչապետի հետ: Սակայն դա, որքան ցավալի, նույնքան օրինաչափ իրողություն է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս պայմաններում: Եթե նույն վերաբերմունքն արտահայտող գրեթե նույն բառապաշարով երկրի ղեկավարությունն է խոսում Ռուսաստանի իշխանությունների հետ, ինչո՞ւ պետք է այդպես չվարվի «ազգային ավիափոխադրողը»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս