Բաժիններ՝

Նուբարաշենում օձերը վխտում են

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին՝ ժամը 18:55-ին, տեղեկություն էր ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող հողատարածքից` օձի խայթոցից թունավորումով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1965 թ. ծնված Օլեգ Մկրտչյանը:

Այսօր, ժամը 14:00-ին մեզ հետ հեռախոսազրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ Արմեն Մուրադյանը տուժածի վիճակը գնահատել է բավարար. «Իրավիճակը կայուն է: Տուժողի վիճակը գնահատում եմ միջին ծանրության: Հենց նոր Օլեգ Մկրտչյանին տեղափոխեցին պալատ, որտեղ նա 1-2 օր կմնա հսկողության տակ, իսկ այնուհետև կարող է դուրս գրվել: Նշեմ նաև, որ տուժողի մոտ օձի խայթոցի ռեակցիա չի եղել: Օ. Մկրտչյանը ստացել է հակաթույն, իսկ այժմ ստանում է դեզինտոքսիկացիոն թերապիա` օրգանիզմի մաքրման համար»:

Այցելեցինք Նուբարաշեն` հանդիպելու և զրուցելու վարչական այդ տարածքի տարբեր թաղամասերի բնակիչների հետ:

Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակիչ 15-ամյա Միքայել Աղամալյանը տեղեկացրեց, որ օձի խայթոցի դեպքերի մասին ինքը շատ է լսել, հատկապես` անցյալ տարի. «Մեր հարևանին` 55-ամյա Անուշավանին, օձը խայթել էր: Նույն ժամանակ օձը սատկեց, իսկ մոտ 3 ամիս անց էլ Անուշավանը մահացավ: Չնայած Անուշավանն ինչ-որ հիվանդություն ուներ, բայց, եթե օձը խայթած չլիներ` կապրեր: Այս տարի միայն 47-ամյա Օլեգի հետ կատարվածի` օձի խայթելու դեպքի մասին եմ լսել, չնայած, որ օձեր շատ կան»:

Կարդացեք նաև

Ջրաշենի բնակչուհի Արմինեն ու իր ընկերուհին, որ այդ պահին լսում էին Միքայելի հետ մեր զրույցը, մեզ առաջարկեցին լինել նաև իրենց համայնքում, որտեղ, իրենց խոսքով` օձերը պարզապես վխտում են:

Նուբարաշենի 5-րդ փողոցի 84-ամյա բնակչուհի Զինա Աբրահամյանն ասաց, որ իրենց տարածքում օձի խայթոցի դեպքեր չեն եղել. «Բայց Նուբարաշենի ձորերը, որ այգիներ են դարձել, լիքն են օձերով, հատկապես` այս տարի: Բոլորը բողոքում են`ասելով, որ աջ են անցնում` օձ է, ձախ են անցնում` օձ է: Միշտ էլ այստեղ օձ եղել է, քանի որ քարքարոտ տարածք է: Մի տասը տարի առաջ ես էլ էի այդ այգիներում հող մշակում: Այգու մեջ քարերի տակից էին դուրս գալիս, ջրի մեջ էին լողում օձերը: Բայց չեն խայթում, եթե իրենց չսպանես, կոխ չտաս, չվնասես: Իմ կարծիքով` որտեղ որ ոչխար կա, այնտեղ օձ չի լինի, որովհետև ոչխարներն այնպիսի կճղակներ ունեն, որ կոխ տալիս օձերին սատկացնում են: Այստեղ եզդիներ կան, ովքեր ոչխարներ են պահում, բայց այգիների կողմերով ոչխարներին չեն կարող տանել, որովհետև թույլ չենք տալիս, դե՛, այգիները մշակում ենք: Օձերի տեսակներից՝ գյուրզա, իժ և լորտու կա: Այգում կան շատ գորտեր, նույնիսկ աղվեսներ: Ձորերը լիքն են աղվեսներով, որոնք ուտում են մարդկանց աճեցրած խաղողը, վարունգը, դդմիկը, խնձորը ու չեն վախենում, չեն փախչում, որովհետև կենդանական աշխարհը հիմա փոխվել է: Իսկ կենդանական աշխարհը փոխվել է, քանի որ մարդիկ կենդանական աշխարհին պատկանող բոլոր վայրերը տնօրինել են` իրենց համար հանգստավայրեր, տներ և այգիներ դարձնելով: Բոլոր կենդանիներն էլ ինքնապաշտպանական ուղեղ ունեն, ու եթե վնասելու վտանգ չեն զգում, չեն վնասում: Այսօր էլ, չգիտեմ՝ ինչքանո՞վ է հավաստի, բայց լսեցինք, որ Երևանից մեզ մոտ` խանութներ հաց առաքող երիտասարդին է խայթել օձը»:

6-րդ փողոցի բնակիչ, 52-ամյա Առաքել Եղիազարյանն այս տարի օձերի չի հանդիպել. «Միգուցե պատճառն այն է, որ ես եմ փողոցում քիչ եղել: Բայց Նուբարաշենում օձեր շատ կան: Անցյալ տարի հենց տան մոտ ենք տեսել ու սատկացրել: Օձին սատկացնելու ճիշտ ձևը գլխից սատկացնելն է, բայց, երբ օձ ես տեսնում, այնքան ես վախենում, որ չես կողմնորոշվում, թե որտեղի՞ց խփես, որ սատկի:

9-րդ փողոցի 22-րդ բնակարանի 57-ամյա բնակչուհի Մարիամ Վարդանյանն օրեր առաջ իրենց հողամասում 1 մետրանոց դեղին օձ է տեսել. «Ներքևում նապաստակ ունենք: Գնացի, որ նապաստակին կերակրեմ, ոտքս դրեցի, մեկ էլ ոտքիս մոտ տեսա 1 մետրանոց դեղին օձ: Զանգահարեցի Բնապահպանության նախարարություն, իրենք ինձ հեռախոսահամար ասացին, որտեղ զանգահարեցի և տեղեկացրեցի օձի մասին: Երբ նրանք եկան` օձն արդեն հողամասի դռնով դուրս էր եկել ու փախել: Մի քանի օր անց մեր հարևանն ասաց, որ ինքն էլ է տեսել նույն դեղին օձը, որը, փաստորեն, դեռ այս տարածքում շրջում է»:

9-րդ փողոցի 20-րդ բնակարանի երիտասարդ բնակչուհի Գայանե Վարդանյանը վախեցել է`իրենց ձկնաբուծական ջրավազանում օձեր տեսնելով. «Ձկների ջրավազան ունենք, և դրա մեջ հայտնվել են 0,5 մետր չափով մոխրագույն օձեր: Այդ օձերը ոռոգման ջրի մեջ գալիս և լցվում են մեր ձկնաբուծական ավազանը: Ես արդեն 3 անգամ տեսել եմ այդ օձերին: Մի անգամ էլ տալիս որդին էր տեսել ու վախեցել: Ասում են`այդ օձերը ձկներին չեն վնասում, ուղղակի մտնում են ջրի մեջ՝ լողանում ու հովանում»:

10-րդ փողոցի 18-րդ բնակարանի 34-ամյա բնակիչ Արթուր Գոչյանն ասաց, որ նույնիսկ կերել է իր երեխային վախեցրած օձի միսը: «Անցյալ տարի երեխան գնացել էր գոմի մոտ, որ հավի ձու վերցնի, և տեսել էր այնտեղից դուրս եկող օձին: Դրանից առաջ երկար ժամանակ ձու չէինք վերցնում, մտածում էինք, որ մարդիկ են գողանում, քանի որ հաստատ գիտեինք`հավերն ածում էին: Փաստորեն`օձն էր ուտում: Երեխայի `օձին տեսնելուց հետո կինս զանգահարեց ինձ ու տեղեկացրեց: 30 րոպե անց ես աշխատավայրից եկա և տեսա, որ օձը նույն տեղում իր համար հանգիստ մեր հավերի ձվերն էր մարսում: Այնքան շատ էր կուլ տվել, որ չէր կարողանում տեղից շարժվել: Բռնեցինք, մորթեցինք, միսը կերանք, իսկ կաշին էլ չորացրեցինք ու գոտի դարձրեցինք,-պատմեց Արթուրն ու ավելացրեց,- 2 շաբաթ առաջ մեր աշխատավայրի`կահույքի ցեխի վարպետի 23-ամյա որդուն էր խայթել օձը: Երիտասարդն այդ ժամանակ դաշտում անասուններն է պահելիս եղել, լավ է, որ ժամանակին է զանգահարել ու տեղեկացրել, և իրեն փրկել են: Հիմա նա հիվանդանոցից դուրս է գրվել, և արդեն լավ է»:

Արթուրն ասաց, որ այդ կողմի փողոցներում օձերը շատ են, քանի որ գտնվում են ճահիճների հարևանությամբ, ու հիմնականում նրանք են օձերին տեսնում, ովքեր անասուն են պահում դաշտերում կամ աշխատում են այգիներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս