.am տիրույթում գործող կայքերը հիմնականում պաշտպանված չեն
Ըստ կոտրված կայքերի վիճակագրության՝ 2012թ. ընթացքում .am տիրույթում կայքէջերն ամենաշատը կոտրվել են հուլիս ամսին` թվով 364 կայքեր, իսկ այս տարվա օգոստոսից մինչ օրս կոտրվել է 50 կայքէջ: ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012թ., ընդհանուր առմամբ, .am տիրույթում կոտրվել են 862 ինտերնետային կայքէջեր:
2011թ. Ընթացքում, ընդհանուր առմամբ, կոտրվել էին 1099 կայքէջեր, .am տիրույթում ամենաշատ կայքերը կոտրվել են հունվար ամսին՝ 379 ինտերնետային կայքէջեր: (Տես` պատկերները)
.am տիրույթում հարձակումները հիմնականում կատարվում են մեր հարևանների՝ թուրքերի ու ադրբեջանցիների կողմից, սակայն ադրբեջանցիների կողմից հարձակումներն ավելի շատ են: 168.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ինֆորմացիոն անվտանգության մասնագետ, կիբեռ անվտանգության ոլորտում մասնագիտացված ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը: Նրա խոսքով՝ նմանատիպ հարձակումները հիմնականում կատարվում են քարոզչական նպատակներով՝ Խոջալուի դեպքերը, Սումգայիթյան դեպքերը, Ցեղասպանության հետ կապված թեմաների շրջանակներում, և այլն:
«Իրականում մենք թույլ ենք տալիս, որ այդ ամենը կատարվի, քանի որ այսօր ցանկացած անհատ կամ ուսանող կարող է իրեն թույլ տալ ինտերնետային կայքէջ պատրաստել, իսկ որոշ կազմակերպություններ իրենց ինտերնետային կայքէջերի պատրաստումը վստահում են նման մարդկանց և ոչ թե՝ որևէ լուրջ կազմակերպության»,- ասաց Ս. Գևորգյանը: Այս իմաստով, հայաստանյան ինտերնետային կայքէջերը լուրջ խնդիրների առջև են կանգնած, իսկ խնդիրների պատճառը հիմնականում անփորձ մասնագետներն են:
Ըստ Ս. Գևորգյանի՝ Հայաստանում ինտերնետային կայքերի պատվիրատուները ցանկանում են հնարավորինս արագ և հնարավորինս էժան գումարով դրանք ձեռք բերել, մինչդեռ անվտանգությունը պրոցեսների վերահսկողություն է: «Եթե մի բան պետք է լինի շատ արագ, ապա անվտանգության հարցը վերանում է»,- ասաց Ս. Գևորգյանը: Ըստ մասնագետի` ադրբեջանցի հաքերների հարձակումները հիմնականում աչքի համար տեսանելի են, քանի որ նրանք հարձակումներից հետո սովորաբար ադրբեջանական դրոշը կամ որևէ գրություն են թողնում կայքի գլխավոր կամ երկրորդական էջերի վրա: Սակայն, ըստ մասնագետի՝ հարձակումը կարող է այդքանով չսահմանափակվել: «Հիմնականում մարդիկ ուշադիր են լինում իրենց գլխավոր կամ երկրորդական էջերին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ երրորդական որևէ ենթակատեգորիայում կարող են «հանգած հրաբխի» պես ինչ-որ ծրագրեր լինել, և որևէ երրորդ մարդ կարող է ցանկացած ժամանակ դրանք ուղղակի ակտիվացնել և իր ձեռքի տակ վերցնել ձեր ողջ համակարգը կամ սերվերը: Իսկ նման դեպքերը քիչ չեն»,- ասաց Ս. Գևորգյանը:
Ինֆորմացիոն անվտանգության հարցերի մասին հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկա ժամերի ընթացքում: