Կենդանաբանական այգու տնօրենը խաբեությամբ աշխատանքից հեռացնում է աշխատակիցներին
168.am-ի խմբագրություն էր զանգահարել Երևանի կենդանաբանական այգու արդեն նախկին աշխատակցուհի Անահիտ Գալստյանի որդին: Նա ցանկանում էր ներկայացնել այգու տնօրենի գործունեությունը, ով խաբեությամբ աշխատանքից ազատել է երկար տարիներ այգում աշխատած իր մորը և այգու մյուս աշխատակիցներին:
Խմբագրություն` լրագրողի հետ զրուցելու եկավ Անահիտ Գալստյանը, ով շատ վրդովված էր իր հետ կատարվածից:
1989 թվականից Երևանի կենդանաբանական այգում՝ հաշվապահ-գանձապահ, ապա՝ գանձապահ աշխատող Անահիտ Գալստյանն այլևս գործազուրկ է:
Այսօր 168.am-ին տված հարցազրույցում արդեն նախկին աշխատակցուհին պատմել է, թե ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարման օրվանից սկսած՝ ինչ «բարեփոխումներ» են կատարվել այգում:
Ռուբեն Խաչատրյանը Կենդանաբանական այգու տնօրեն է նշանակվել 2011թ. ապրիլի 12-ին:
Ըստ Ա. Գալստյանի` առաջին իսկ աշխատանքային օրվա երկրորդ կեսին Ռուբեն Խաչատրյանը հավաքել է բոլոր աշխատակիցներին և ողջույնի խոսքեր հնչեցնելու փոխարեն՝ ասել, որ ինքն է օրենքն ու սահմանադրությունը, ինչպես ցանկանա՝ այնպես էլ պետք է լինի:
Այգու նախկին աշխատակցուհին պատմեց, որ Ռ. Խաչատրյանն ասել է` եթե ինքը ցանկանա, որպեսզի այգու աշխատողները և անձամբ Անահիտ Գալստյանը աշխատեն նաև աշխատանքային ժամերից դուրս, այդպես էլ պետք է լինի:
Մեզ հետ զրույցում տիկին Անահիտը նշեց, որ հենց առաջին իսկ օրվանից այգու տնօրենն այգու աշխատակիցներից ազատվելու քաղաքականություն է վարել. «Կարծես դա էր իր բուն խնդիրը»:
Ըստ տիկին Անահիտի` «ոչ համապատասխան գիտելիքներով և աշխատանքային փորձով օժտված տնօրենն առաջին իսկ օրվանից այգու աշխատակիցների դժգոհությունն է առաջացրել: Այդ կապակցությամբ այգու աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել և իրենց խնդրանքն ուղղել Երևանի քաղաքապետին, որպեսզի պատկան մարմիններն անդրադառնան տիրող իրավիճակին և կարգուկանոն հաստատեն այգում»: Սակայն Երևանի քաղաքապետարանից աշխատակիցների դիմում-ահազանգին ընթացք տալու փոխարեն՝ աշխատակիցների ստորագրություններով դիմումը փոխանցում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, ում գործունեության դեմ բողոքել էին մարդիկ:
Այդ փաստը զայրացնում է Ռ. Խաչատրյանին, և նա որոշում է վրեժխնդիր լինել և բողոք-դիմումի տակ բոլոր ստորագրողներին հերթով ազատել աշխատանքից: Մեկ տարվա ընթացքում Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից 50-ն արդեն ազատվել են աշխատանքից:
Անահիտ Գալստյանը պատմում է, որ աշխատակիցներին տնօրենը խաբեությամբ ստիպել է աշխատանքից ինքնակամ ազատման դիմումներ ներկայացնել` կրկին աշխատանքի ընդունելու պայմանով: Սակայն, պարզվել է, որ դա տնօրենի հնարքն էր` իր համար ոչ ցանկալի աշխատակիցներից ազատվելու համար: Տեղի ունեցածն Ա. Գալստյանը «գրպանահատություն» է համարում: Իր դեպքում, ըստ տիկին Անահիտի, դեր է ունեցել նաև անձնական հակակրանքն ու թշնամությունը, որն, ըստ աշխատակցուհու, առաջացել էր այն բանից հետո, երբ տիկինը տնօրենի մոտ միամտաբար նշել էր, որ ինքն իր աշխատանքային երկարատև գործունեության ընթացքում ոչ մի նկատողություն չի ունեցել:
«Դա կարծես մեխվել էր նրա ուղեղում, և ամեն հարմար առիթ ցանկանում էր օգտագործել՝ ինձ նկատողություն տալու համար»,- պատմում է Անահիտ Գալստյանը:
Մայիսի 1-ին տնօրենն Անահիտ Գալստյանին հանձնարարում է դրամարկղի ընդունում-հանձնում կատարել` պատճառաբանելով, որ նա ընդգրկված է գույքագրման հանձնաժողովում: Դա անելուց հետո սենյակի ամբողջ գույքը, այդ թվում` տիկնոջ գրասեղանը, աթոռը, չհրկիզվող պահարանը, տեղափոխում են տարբեր սենյակներ և, արդյունքում, տիկին Անահիտին որևէ տեղ չի առաջարկվում իրեն վերապահված գործառույթները կատարելու համար. «Ես իմ հաջորդ աշխատանքային օրերն անց էի կացնում դրսում, կամ մնացյալ աշխատակիցների սենյակներում»:
Այնուհետև տնօրենը ծանուցագիր է ուղարկում տիկին Անահիտի հասցեով, ըստ որի` 60 օր հետո Կենդանաբանական այգու հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծարվելու է: «Ես շարունակում էի աշխատանքի ներկայանալ, ու մի օր էլ տնօրենն ասաց, թե՝ էլ ինչո՞ւ ես աշխատանքի գալիս, կարող ես մնալ տանը, ես աշխատավարձը կտամ՝ մինչև ժամանակը կլրանա: Ես մնացի տանը, սակայն երկու-երեք օրը մեկ ներկայանում էի աշխատանքի: Փաստացի ո՛չ տեղ ունեի նստելու, ո՛չ սենյակ»,- պատմում է տիկինը: Տնօրենի առաջարկով տանը գտնվող աշխատակցուհին մի օր գրություն է ստանում, որով ասվում է, թե նա պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները և պետք է բացատրագիր ներկայացնի:
Անահիտ Գալստյանը տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանում ստանալու համար գնում է Կենդանաբանական այգի՝ տնօրենի հետ զրուցելու: «Ես հարցնում եմ, թե ինչո՞ւ է ինձ նման ծանուցումներ գալիս, տնօրենը բացարձակ ոչինչ չի պատասխանում, միայն ժպտում է: Ինձ այդ ժպիտը բազմանշանակ է թվում: Ես էլ Խաչատրյանին ասում եմ դրա մասին: Ասում եմ, որ ուզում եմ հավատալ իր ժպիտին, բայց ներքինից ինչ-որ բան ինձ հակառակն է համոզում»: Ռ. Խաչատրյանը պարզաբանել է, թե աշխատակիցը չի կատարել գործատուի կողմից տրված աշխատանքները, որի համար նկատողություններ է ստացել: Եվ սա՝ այն դեպքում, երբ տիկնոջը աշխատավայրում զրկել է սենյակից և առաջարկել տանը մնալ:
Տիկին Անահիտը պատմեց, որ մինչ օրս չի ստացել նաև իր հասանելիք աշխատավարձը: Ա. Գալստյանը պատմեց նաև իրենց աշխատակիցներից մեկի հետ կատարված դեպքը: Աշխատակիցներից մեկի երեխան հիվանդանում է, և երեխային բժշկական օգնություն է անհրաժեշտ լինում: Դիմում է տնօրենին, որպեսզի իր աշխատավարձը ստանա, սակայն վերջինս փոխադարձ պահանջ է դնում: Պահանջը հետևյալն է`ներկայացրու ազատման դիմում, և դու կստանաս քո աշխատավարձը:
Այդպիսով տնօրենն աշխատակցին ազատում է աշխատանքից: Ըստ Ա. Գալստյանի` այգու տնօրեն Ռ. Խաչատրյանը նման ձեռագրով է մարդկանց ազատել աշխատանքից: «Ի՞նչ կարող ենք սպասել, երբ նման պաշտոններում նշանակվում են այնպիսի մարդիկ, որոնք ո՛չ մասնագիտություն ունեն, ո՛չ աշխատանքային փորձ, չգիտեն՝ երկարատև տարիների աշխատանք հասկացողությունն ինչ է, չգիտեն մարդկանց աշխատանքը հարգել, փոխարենը՝ կարողանում են անարգել մարդկանց հեղինակությունը սևացնել, խաբելով` մարդկանց աշխատանքից հեռացնել»,- ասաց Կենդանաբանական այգու արդեն նախկին աշխատակից Անահիտ Գալստյանը: