Մենք բոլորս հացի փոխարեն աղբ ենք ուտում
168.am-ի թղթակցի հետ զրույցում բազմաթիվ գյուտերի և արտոնագրերի հեղինակ, ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանը՝ անդրադառնալով Հայաստանի հացի որակի խնդրին, ասաց. «Հացաթխման համար տարեկան մոտ 1000 տոննա քիմիական և սինթետիկ քիմիական և արհեստական բարելավիչներ են մտնում Հայաստան: 1000 տոննան բավական մեծ թիվ է մեր երկրի համար: Բարելավիչը պարունակում է գենախախտ սոյա, պերոքսիդային միացություններ, օրգանական թթուներ, էմուլգատորներ,կոնսերվանտներ, ներկանյութ, հոտի և համի արհեստական բաղադրիչներ: Մի խոսքով` աղբ է: Ըստ ամերիկյան մոտավոր հաշվարկի՝ ամեն բնակիչ այդ թույնից տարեկան միջինը 0,5 կգ ստանում է, որի հետևանքով շատացել են ալերգիկ հիվանդությունները, դիսբակտերիոզը, աղեստամոքսային խնդիրները: Հատուկ ուսումնասիրություններ կան արված, որոնցում ցույց է տված այս նյութերի ու չբերության պատճառների ուղիղ կապը: Մեկը կա, ում ուզում եմ դատի տալ, բայց հարմար իրավաբան չեմ գտնում: Այդ ընկերությունն ալյուրն ընդհանրապես չի մշակում, վերցնում է խմորը և առանց վերամշակելու, առանց չորացնելու՝ դարձնում է լավաշ ու իրականացնում մեծ սպառում: Մի՞թե այս հանրապետությունում չկա իրավաբան, ով կօգնի մեզ այս հարցում: Իմ պահանջն այն է, որ ոչ թե ոչինչ չարտադրեն, այլ չվարկաբեկեն հայկական հացի, հայկական լավաշի անունը: Իրենց արտադրանքի անունը թող ինչ ուզում են՝ գրեն, բայց ոչ՝ «լավաշ»»:
Նրա համոզմամբ` անբարեխիղճ սննդամթերք արտադրողները՝ գերշահույթ ստանալու նպատակով, էժանագին ու վնասակար քիմիական հավելումներ են օգտագործում իրենց արտադրանքի մեջ, որը լուրջ վնասներ է հասցնում մարդու առողջությանը:
Ալեքսանդր Սելիմյանը 2005թ. հիմնադրել է «Կռուպ» ընկերությունը, որը մինչև օրս զբաղվում է կաթնաթթվային մթերքների հիման վրա ստեղծված, բացառապես բնական սննդամթերքի արտադրությամբ, որոնց շարքում լայն ճանաչում են ստացել «Չորաթանը», «Հացաթանը», «Կերաթանը», «Սելիմյան հացը»`բնական և առանց քիմիական հավելումների հացատեսակները: Այսօր արդեն այդ շարքին է միացել ացեդոֆիլային «Նանե» մածունը, որը կենդանի կաթնաթթվային մանրէների և անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ մի քանի տասնյակ անգամ գերազանցում է հասարակ մածուններին և յոգուրտներին:
Ա. Սելիմյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք առաջիկայում: